2007-2008թթ. Ընտրություններին լրատվամիջոցները լուրջ սահմանափակումներ ունեին այս կամ այն ուժի գործունեության ներկայացման վերաբերյալ: Սակայն վերջին ԱԺ ընտրությունների լուսաբանումը ցույց տվեց, որ այսօր դրանք շատ ավելի քիչ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ խոսելով գալիք նախագահական ընտրություններին լրատվամիջոցների աշխատանքի շուրջ:
Ա. Մելիքյանի խոսքով՝ առհասարակ ընտրությունների նախընտրական շրջանը Հայաստանում մի քիչ ավելի շուտ է սկսվում:
«Քաղաքական ուժերը, գործիչներն իրենց տեսակետները և մոտեցումները սկսում են արտահայտել շատ ավելի շուտ, քան պաշտոնական քարոզարշավն է մեկնարկում: Սա երևում է այսօր լրատվամիջոցներում տարբեր քաղաքական ուժերի մեկնաբանություններից, տարբեր քաղաքական քայլերից, այնպես որ` իհարկե, արդեն կարելի է ասել, որ առաջին այսպիսի քայլերը լրատվամիջոցներն արտացոլում են իրենց հրապարակումներում: Թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում, կտեսնենք, բայց նախորդ ընտրությունների ժամանակ կարծես թե բոլոր քաղաքական ուժերն էլ իրենց ակտիվության չափով կարողացան ներկայացված լինել ԶԼՄ-ներով»,- նշեց Աշոտ Մելիքյանը՝ դժվարանալով կանխատեսել, թե սահմանափակումներ կլինեն, թե ոչ, որովհետև Հայաստանում միշտ չէ, որ կարելի է կանխատեսել: Այս հարցում՝ սովորաբար այդ ճնշումներն ալիքաձև բնույթ են կրում. մեկ՝ շատ, մեկ՝ քիչ: Նա հիշեցրեց 2007, 2008 թվականները, երբ լուրջ սահմանափակումներ կային, և արձանագրեց, որ այս տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ դրանք շատ ավելի քիչ էին:









































