ՌԴ ժողովրդական արտիստ, խորհրդային և ռուս կինոռեժիսոր, սցենարիստ Էլդար Ռյազանովը ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 18-ին` Սամարայում, գինեվաճառակետի ղեկավարի ընտանիքում: Էլդարի ծնվելուց հետո ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա: Մանկական տարիներին նա տարված էր արկածային վեպերով և երազում էր ճանապարհորդ դառնալու մասին: Դպրոցն ավարտելուց հետո նույնիսկ պատրաստվում էր ընդունվել Օդեսայի Ծովագնացների ուսումնարան, սակայն խանգարել է պատերազմը:
1950 թվականին Ռյազանովը կարմիր դիպլոմով ավարտել է ՎԳԻԿ-ը: Նրա ավարտական աշխատանքն էր` «Նրանք սովորում են Մոսկվայում»: Այնուհետև ռեժիսորը շուրջ 5 տարի մասնագիտացել է վավերագրական ֆիլմերում և կինոակնարկներում: 1955 թվականին նա արդեն «Մոսֆիլմ»-ում իր դեբյուտն է անում կատակերգական ժանրում և միանգամից մեծ հաջողություն ունենում: Այդ ժանրում առաջին ֆիլմը եղել է «Կառնավալային գիշերը»: Ռեժիսորի կատակերգությունները դարձել են խորհրդային կինեմատոգրաֆիայի դասականները: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
«Հուսարական բալլադ», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ճակատագրի հեգնանքը կամ` բաղնիքդ անուշ», «Ծառայողական սիրավեպ», «Կայարան երկուսի համար», «Ավտոտնակ»՝ սա Ռյազանովի գործերի (ընդհանուր 40 ֆիլմ) ոչ ամբողջական ցանկն է:
Նա հեղինակել է նաև ավելի քան 200 հեռուստահաղորդումներ, որոնցից ամենահայտնիներն են՝ «Զրույցներ մաքուր օդում», «Խոսենք սիրո տարօրինակությունների մասին», «Էլդար Ռյազանովի փարիզյան գաղտնիքները» և այլն:
Ռյազանովը արժանացել է բազմաթիվ մրցանակների` կինեմատոգրաֆիական և պետական-հասարակական ոլորտներում: Նա նաև դրամատուրգ է, սցենարիստ` մասնակցել է իր ֆիլմերից շատերի սցենարը գրելու աշխատանքներին:
Այժմ էլ նա շարունակում է իր արգասաբեր գործունեությունը՝ լի է ստեղծագործական գաղափարներով և ծրագրերով: Կինեմատոգրաֆիստները սիրում են աշխատել նրա հետ, իսկ հանդիսատեսը ուղղակի պաշտում է նրան:








































