Ռոբերտ Քոչարյանն իր հայտնի մեկնաբանության մեջ ափսոսանք էր հայտնում, որ չի անցկացրել 100 տոկոս համամասնական ընտրակարգ, որովհետև իշխանությունը «ֆորա» էր ուզում: Թվում է, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում բոլորովին այլ բաների համար պետք է ափսոսանք հայտներ, հատկապես այսօր, երբ փորձում է ներկայանալ ժողովրդավարության, իշխանական հակակշիռների և կառավարման գիտակի ու ջատագովի դիրքերից:
Անկասկած լավ է, որ նախագահության ընթացքում բոլորովին այլ դիրքերում եղած Ռոբերտ Քոչարյանը գոնե այսօր ավելի հանրօգուտ դիրքերից է հանդես գալիս: Բայց եթե դա իրականում էլ այդպես է, ոչ թե ընդամենը նախկին դիրքերին վերադառնալու ցանկության և գործողությունների շղարշ, ապա նա պետք է որ ափսոսանք հայտներ 2003 թվականի նախագահական կեղծված ընտրության համար, պետք է ափսոսանք հայտներ, որ երբ ինքը երդվում էր իր երկրորդ ժամկետին ընդառաջ, ոստիկանները Երևանում ուժ էին կիրառում ընտրակեղծիքների դեմ բողոքող քաղաքացիների դեմ: Քոչարյանը պետք է որ 2004 թվականի ապրիլի 12-ի համար ափսոսար, երբ առաջին անգամ մթության քողի տակ հարձակվեց խաղաղ քաղաքացիների վրա, որոնք ընդամենը պահանջում էին կատարել 2003 թվականի ընտրությունից հետո Սահմանդրական դատարանի որոշման մեջ ամրագրված «վստահության հանրաքվեի» հորդորը՝ երկրում իշխանության լեգիտիմության հարցը փակելու համար:
Քոչարյանը գոնե պետք է ափսոսար 2008 թվականի մարտի 1-ի համար, երբ երկրորդ անգամ մթության մեջ հարձակվեց խաղաղ քաղաքացիների վրա, որոնք Ազատության հրապարակում բացարձակապես անվնաս տասնօրյակ էին անցկացրել արդար և օրինական ընտրության պահանջով, որպեսզի իրենց ձայնը չկեղծեն, որպեսզի իշխանությունը հերթական անգամ չվերարտադրվի ապօրինի ճանապարհով: Քոչարյանը պետք է ափսոսար մարտի 1-ի տասը զոհերի համար, որոնց արյան վրա նա հեռացավ իշխանությունից, բայց վերարտադրեց այն համակարգը, որը նրան մինչ օրս պահում է հանրային և իրավական պատասխանատվությունից, չի բացահայտում Մարտի 1-ն ու դրա համար իրական պատասխանատուներին` նախագահից մինչև այն ոստիկանը, որը կրակելու հրամանը կատարելով՝ սպանել է իր քաղաքացիական իրավունքի համար խաղաղ պայքարի դուրս եկած Հայաստանի Հանրապետության քաղաքացուն:
Սրանք են ափսոսալու առիթներ, ոչ թե 100 տոկոս համամասնականը կամ խորհրդարանական կառավարումը, որոնք ընդամենը ձևական ֆորմատներ են, որ ոչ մի կերպ չեն լուծելու Հայաստանի հիմնական խնդիրը` Սահմանադրականության և օրինականության, ժողովրդի իշխանության հաստատման հարցը: Հետևաբար, ժողովրդավարական կառավարման, արդար և օրինական ընտրությունների, հակաֆեոդալականության դիրքերից հանդես եկող Ռոբերտ Քոչարյանը, ազնվության և այդ դիրքերի հետ ներքին, մտավոր և նաև հոգևոր ներդաշնակության հասած լինելու պարագայում պետք է ափսոսար, զղջար ու առաջին հերթին ներողություն խնդրեր այդ ամենի համար, հետո նոր միայն հանդես գար պետության կառավարման և քաղաքական դաշտի ապագայի մասին իր մեկնաբանություններով:
Երբ բացակայում է ափսոսանքը վերը թվարկվածի համար, որևէ մեկնաբանություն դադարում է արժեք ներկայացնելուց, անգամ եթե հանդիսանում է կառավարման տեսության գլուխգործոց:









































