Գազայի հյուսիսը այսօր կրկին ենթարկվել է իսրայելական ավիացիայի հարձակմանը՝ հաղորդում է Itar-Tass գործակալությունը: Գիշերային ավիահարվածի զոհ է դարձել երկու պաղեստինցի, ավելի քան 16 մարդ վիրավորվել է՝ հայտնում են տեղի բժշկական աղբյուրները:
Երկու փոքրիկ քաղաքներում՝ Բեյթ-Յանունեում և Բեյթ-Լահարիում, զոհվել է երկու երիտասարդ պաղեստինցի, վիրավորվել առնվազն 10 մարդ:
Իսրայելական ավիացիայի կրակից տուժել է նաև 400.000-անոց Գազա քաղաքը: Այնտեղ օդային ռմբակոծության է ենթարկվել շենքային մի համալիր, որտեղ տեղակայված են մի շարք լրատվամիջոցների գրասենյակներ, մասնավորապես` «Ալ-Քուդս» հեռուստաալիքը, որը մոտ է համարվում Գազայում իշխող ՀԱՄԱՍ շարժմանը:
Ավիահարձակման հետևանքով վիրավորվել է վեց լրագրող, նրանցից մեկի ոտքը անդամահատել են: Ականատեսների վկայությամբ` շենքերին զգալի վնաս է հասցվել:
Բացի այդ` այսօր իսրայելական հրետանին հարված է հասցրել Սիրիայի տարածքին: Ինչպես հայտնել է հրեական պետության զինված ուժերի ներկայացուցիչը՝ ավելի վաղ իսրայելական տարածքը հրաձգության էր ենթարկվել Սիրիայից, իսկ զինվորները ի պատասխան` կրակ են արձակել: Տուժածներ չկան:









































