ԱՄՆ Միսսուրի նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա Բլեք Լամերսին, որը կասկածվում է կինոսրահում «Մթնշաղ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ հրազեն գործադրելու փորձի մեջ, հաղորդում է Associated Press-ը:
Իրավապահ մարմինների խոսքերով` նոյեմբերի 15-ին ոստիկանություն է դիմել Լամերսի մայրը` հայտնելով, որ իր որդին ձեռք է բերել կասկածելի զենք, ինչպես Ջեյմս Հոլմսը, ով հուլիսին կրակ էր բացել Կոլորադո նահանգում Բեթմենի մասին ֆիլմի պրեմիերային:
Հարցաքննությանը Լամերսը խոստովանել է, որ Բոլվար քաղաքի կինոսրահներից մեկում «Մթնշաղ» ֆիլմի պրեմիերայի ժամանակ պատրաստվում էր կրակել հրազենից: Լամերսն ասել է, որ այդ նպատակի համար ձեռք էր բերել երկու զենք և 400 փամփուշտ: Նա հայտարարել է, որ կինոսրահ մեկնելուց առաջ նախատեսել էր կրակ բացել մոտակա սուպերմարկետներից մեկում: Նաև ասել է, որ 2009թ. ցանկացել է սպանել սուպերմարկետի աշխատակիցներից մեկին, սակայն ոստիկանները խանգարել են:
Լամերսին մեղադրանքներ են ներկայացվել: Մասնավորապես նա մեղադրվում է ահաբեկչության սպառնալիք ստեղծելու համար: Ներկա պահին երիտասարդը գտնվում է կալանքի տակ, դատարանը կես միլիոն դոլարի գրավ է սահմանել:
Լամերսի գործով նախնական դատալսումները կսկսվեն նոյեմբերի 21-ից:





































