Նյու Յորքում հունիսի 2-ին CFDA Fashion Awards 2014-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ մրցանակներ են հանձնվել տարվա ամենահաջողակ և ոճային հայտնի մարդկանց՝ հայտնում է ABC News-ը: Ամերիկայի նորաձևության դիզայներների խորհուրդը (CFDA) «նորաձևության խորհրդանիշ» մրցանակը շնորհել է երգչուհի Ռիհաննային: Մրցանակներ են շնորհվել մի շարք հայտնի դիզայներների, առաջին անգամ մրցանակ է հանձնվել լավագույն նորաձև Instagram-ի օգտահաշվի համար:
Փորձագետները կնոջ հագուստի լավագույն դիզայներ են ճանաչել Ջոզեֆ Ալտուզարային՝ երիտասարդ կուտուրյեին, ով 2008 թվականին ստեղծել է սեփական Altuzarra ապրանքանիշը:
Տղամարդու հագուստի ամենատաղանդավոր ստեղծողներ են ճանաչվել Public School label ապրանքանիշը մոդելավորող դիզայներներ Դաո-Ի Չուն և Մաքսվել Օսբորնը:
Աքսեսուարների լավագույն դիզայնի համար մրցանակի են արժանացել The Row և Elizabeth & James ապրանքանիշների հիմնադիրներ Մերի Քեյթ և Էշլի Օլսեն քույրերը:
Դիզայներ Թոմ Ֆորդը մրցանակի է արժանացել «Նորաձևության զարգացման մեջ ներդրման համար», իսկ լավագույն արտասահմանցի դիզայներ է ճանաչվել Dior ապրանքանիշի կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը:
Նոր «Լավագույն նորաձև Instagram» անվանակարգում հաղթել է Պատրիկ Ջանելը, ով սոցցանցում հայտնի է @aguynamedpatrick ծածկաբառով:
CFDA Fashion Awards-ն անցկացվում է 1981 թվականից:











































