Եգիպտոսի արևմուտքում մաքսանենգները սպանել են 6 սահմանապահների: Ինչպես հաղորդել է Եգիպտոսի Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Մուհամեդ Ալին, նրանք դարձել են հանցագործների հարձակման զոհ Կահիրեից հարավ-արևմուտք ընկած Ալ-Վադի Ալ-Գադիդ գավառի օազիսային շրջաններից մեկում: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Նրա խոսքերով՝ սահմանապահների վրա հարձակումը 68 մաքսանենգներին ձերբակալելու պատասխանն էր, ովքեր զբաղվում էին Լիբիայի հետ սահմանին զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, ինչպես նաև թմրանյութերի տեղափոխմամբ: Զինված ուժերի տվյալներով՝ միայն անցած ամսվա ընթացքում կասեցվել է 936 ապօրինի ներգաղթյալների կողմից սահմանը հատելու փորձը:
Լիբիայում 2011թ. զինված հակամարտությունից և Մուամար Քադաֆիի սպանությունից հետո մաքսանենգները սկսեցին հարևան Եգիպտոս տեղափոխել հոգեմետ դեղեր ու թմրանյութեր:









































