Սիրիացի ընդդիմադիրների խոշորագույն միավորումներից մեկի՝ Սիրիայի ազգային խորհրդի նոր ղեկավար Ջորջ Սաբրան հույս ունի, որ Բաշար Ասադի ռեժիմին դիմակայելու համար միջազգային ռազմական օգնությունը կուժեղացնեն: Այս մասին հայտնում է Al-Jazeera արբանյակային հեռուստաալիքի կայքը:
«Ցավոք, մենք դեռ միայն աջակցության մասին հայտարարություն ենք ստանում, մինչդեռ Ասադի դաշնակիցները նրան ապահովում են անհրաժեշտ ամեն ինչով»,- հայտարարել է Սաբրան Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Նա հավելել է, որ «ընդդիմությունը կփորձի փոխել միջազգային (արևմտյան և արաբական երկրների) հայացքը սիրիական ճգնաժամի վրա, քանի որ այժմ անհրաժեշտ է սկզբունքորեն նոր միջազգային որոշում»:
Այսօր Կատարում կշարունակվեն Սիրիայի ազգային խորհրդի խորհրդակցությունները կառույցի կազմի մեջ մտնող ընդդիմադիր շարժումների ներկայացուցիչների հետ՝ փորձելով ստեղծել միասնական քաղաքական մարմին, որը կներկայացնի ամբողջ սիրիական ընդդիմությունը և կվերահսկի իրադրությունը Սիրիայում կառավարական զորքերից ապստամբների գրավված տարածքներում:
Դիտորդների խոսքով՝ ընդդիմադիրների միջև այդ մարմնի ձևավորման ուղիների վերաբերյալ լուրջ հակասություներ կան, և դրանք դեռևս հաղթահարել չի հաջողվել:









































