Ամեն տարի ամբողջ աշխարհի երիտասարդությունը նշում է իր տոներն ու կարևոր իրադարձությունները: Երիտասարդների միջազգային օրը նշվում է օգոստոսի 12-ին: Նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, որը սահմանվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of Democratic Youth, WFDY) հիմնադրման պատվին։
Այն հիմնադրվել է 1945-ի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 10-ը Լոնդոնում տեղի ունեցած Երիտասարդության համաշխարհային կոնֆերանսի ժամանակ, որը հրավիրել էր Երիտասարդության համաշխարհային խորհուրդը: Խորհուրդը ստեղծվել էր Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարելու համար: Կոնֆերանսին առաջին անգամ մասնակցել են միջազգային երիտասարդական շարժման ավելի քան 63 ազգությունների 30 մլն-ից ավելի ներկայացուցիչներ: Այդ ժամանակից ի վեր երիտասարդական կազմակերպությունների միջազգային միավորումը համարվել է միջազգային ժողովրդավարական երիտասարդական շարժման կենտրոն, որը միավորում է ամբողջ աշխարհի երիտասարդներին` անկախ քաղաքական և կրոնական հայացքներից, ռասայական և ազգային պատկանելությունից:
Միջազգային ժողովրդավարական երիտասարդական շարժման կենտրոնը պայքարում է հանուն խաղաղության, երիտասարդների իրավունքների, ազգերի անկախության և ընդդեմ գաղութացման, նեոգաղութացման, ֆաշիզմի և ռասիզմի:
Ժողովրդավարական երիտասարդության մեծ տոնը` երիտասարդների և ուսանողների փառատոնը, առաջին անգամ անցկացվել է Պրահայում` 1947-ին, ունեցել 17 000 մասնակից: Տոնի նշանաբանն է. «Հանուն խաղաղության և բարեկամության»:











































