ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգերսի առաջնորդներին հաջորդ շաբաթ հրավիրել է Սպիտակ տուն, որպեսզի նրանց հետ քննարկի հարկային հարցեր և այլ տնտեսական թեմաներ։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
«Ես պատրաստ եմ փոխզիջումների: Ես պատրաստ եմ նոր գաղափարների: Ես պատրաստ եմ լուծել մեր ֆինանսական խնդիրները, սակայն ես հրաժարվում են ընդունել ցանկացած մոտեցում, որը հավասարակշռված չէ», -ասել է Օբաման վերընտրվելուց հետո իր առաջին հայտարարության մեջ:
Օբամայի խոսքերով՝ իր վերընտրվելը նշանակում է, որ ամերիկայի ժողովուրդը սատարում է առավել ունևոր քաղաքացիների համար հարկերի բարձրացման և միջին դասի համար հարկային արտոնությունների իր գաղափարը: «Երեքշաբթի երեկոյան մենք իմացանք, որ ամերիկացիների մեծ մասը համամիտ է իմ այդ մոտեցման հետ»,- ասել է պետության ղեկավարը:
Օբաման, ով ավելի քան երկու տարի փորձում է վերականգնել հարկային բարեփոխումների արդարությունը, կարծում է, որ հարկային արտոնությունները պետք է պահպանել միայն միջին դասի համար` միլիոնատերերին առաջարկելով վճարել հարկեր ամբողջ դրույքով: Օբամայի կարծիքով՝ արդարացի կլիներ, եթե միլիոնատերերը, ինչպես նաև խոշոր գործարարները, հարկեր վճարեին ավելի շատ, քան աշխատող ամերիկացիների մեծ մասը:
Հարկային արտոնություններն ԱՄՆ-ում սահմանվել էին Ջորջ Բուշ-կրտսերի օրոք` տնտեսության աճը խթանելու համար: