«Հրապարակ»-ը գրում է. Թվում է՝ ի՞նչ մի մեծ բան է եղել որ. ներողամիտ են գտնվել ոմանց նկատմամբ: Օրինակ, Սուրիկ Խաչատրյանի տղայի կամ զարմիկների նկատմամբ: Հիմա էլ Կարո Կարապետյանի փեսան է հերթի: Բայց այս «ներողամտությունը» նոր չի սկսվել՝ տարիներ առաջ էլ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահին ներեցին: Նրան, ում Կուկու էին ասում իր շրջապատում: Բանն իհարկե ներողամտության մեջ չէ:
Ի վերջո, Աստված ասում է՝ ներիր, ներողամտությունը Մեծերին է բնորոշ: Բայց խնդիրն այն չէ, որ մի քանի երիտասարդ բանտ չեն նստի կամ մեղմ պատժի կարժանանան: Խնդիրը պատժի դաստիարակիչ ուժի կորուստն է, որը մեր իշխանությունները հետևողականորեն առաջ են տարել այս տարիներին՝ փչացնելով բոլորին ու ամեն ինչ: Մի կողմից հանրությանն ապացուցելով, որ պատժող մարմինները կառավարելի են, իսկ պատիժը մեզանում ընտրովի է կիրառվում: Մյուս կողմից՝ հանցագործություն կատարողներին ցուցադրելով, որ կարող են ազատվել պատժի կրումից, եթե արտոնյալ խավի ներկայացուցիչ են կամ իշխանություններին որոշակի ծառայություններ են մատուցել: Եվ ի՞նչ է ստացվել արդյունքում. հանցագործները դարձել են լկտի ու անամոթ, հասարակությունը՝ վախեցած ու անպաշտպան:
Նաև գողական կանոններն են ծաղկել. չէ՞ որ շատերն անգամ ոստիկանություն չեն դիմում, այլ հանցագործություն կատարած անձին պատժելու համար հաճախ հենց այդ գողականներին են դիմում կամ՝ «սամասուդի»: Եվ գողական մտածելակերպը թափանցել է յուրաքանչյուր տուն ու հաստատություն: Նախօրեին ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարությունները, օրինակ, Յուվեցի Կարոյի փեսայի դեպքի առնչությամբ հենց այդ մասին էին խոսում: Եթե երկրիդ իրավապահն է «սամասուդի» քարոզչություն անում և արդարացնում այն, ապա ի՞նչ պահանջել մյուսներից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:











































