Ռուսաստանն այս տարի Սիրիային կհատկացնի 240 մլն եվրոյի ֆինանսական օգնություն՝ սոցիալական կարիքների համար: Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով ռուսական կառավարության բարձրաստիճան աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ մինչ այդ սիրիական կառավարությունը դիմել էր Ռուսաստանին Դամասկոսին՝ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու խնդրանքով: «Ընդհանուր առմամբ օգնության ցուցաբերման շրջանակում այս տարի սիրիական իշխանությունները 240 մլն եվրո կստանան, դա համաձայնեցված թիվ է»,- ասել է աղբյուրը:
Թերթի տվյալներով՝ ապրիլի վերջին վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել էր հրաման, համաձայն որի՝ այդ գումարից ավելի քան 46 մլն եվրոն անհատույց կտրամադրվի սիրիական իշխանություններին ռուսական «Վնեշէկոնոմբանկի» հաշվից:
«Փաստացի խոսքը «պարտք՝ ֆինանսական օգնության դիմաց» գործողության մասին է, և այն չի պահանջում բյուջետային միջոցների ներգրավում. դա սիրիական կողմի վճարն է Ռուսաստանի առջև ունեցած պարտքի համար, որոնք մենք չենք կարողացել վերցնել՝ կապված Սիրիայում սկսված պատերազմի հետ: Այժմ այդ միջոցները, որոնք խնայում է սիրիական բյուջեն, կուղղվեն այդ երկրում սոցիալական խնդիրների լուծմանը»,- հայտնել է թերթի աղբյուրը:







































