Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ Պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում չմասնակցեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած` «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի, 2001թ. նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից Պողոս Պողոսյանի սպանության ու դրանից հետո այլ աղմկոտ հանցագործություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկմանն ու քվեարկությանը: Ընդ որում, այդ պատգամավորը մասնակցել է Պետաիրավական հանձնաժողովի նիստին, բայց չի մասնակցել «Ժառանգության» ներկայացրած նախագծերի քննարկմանը:
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագիծը քվեարկության արդյունքում ունեցավ 4 կողմ և 4 դեմ ձայներ: Կողմ էին քվեարկել «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ-ից` Գագիկ Ջհանգիրյանը և անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Դեմ էին ՀՀԿ անդամներ Դավիթ Հարությունյանը, Հովհաննես Սահակյանը, Արփինե Հովհաննիսյանն ու Կարեն Ճշմարիտյանը: Հավասար ձայների արդյունքում նախագիծը դրական եզրակացության չարժանացավ: Իսկ եթե Տ. Ուրիխանյանը մասնակցեր քննարկմանն ու կողմ քվեարկեր, նախագիծը դրական եզրակացություն կստանար գոնե լիագումար նիստում քննարկվելու համար: Քվեարկության պատկերն արձանագրելուց հետո Զ. Փոստանջյանը` տեսնելով, որ Տ. Ուրիխանյանը դահլիճում չէ, բացականչեց. «Փաստորեն ԲՀԿ-ն թռավ»: Այսինքն` այդ կուսակցությունն աղմուկ բարձրացնելու, մեկ այլ պատգամավորի դեմ ուղղված շարժմանն ու քննադատությանը մասնակցեց, սակայն երբ բանը հասավ կոնկրետ գործողությունների, ընդհատակ անցավ:
Դեռևս ամիսներ առաջ, երբ Վ. Ավետյանի մահվան հետ կապված հասարակական ընդվզումն ակտիվ էր, կարծիքներ հնչեցին, թե այն ուղղորդում են նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ու նրա խնամի՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ «Հարսնաքարը», որտեղ սպանվել էր Վ. Ավետյանը, պատկանում է հանրապետական գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին: Վ. Ավետյանին ծեծելով սպանել էին Ռ. Հայրապետյանի թիկնապահները կամ «Հարսնաքար»-ի անվտանգության աշխատողները: Իսկ Գ. Ծառուկյանի, Հ. Աբրահամյանի ու Ռ. Հայրապետյանի հարաբերությունները տևական ժամանակ է, ինչ լարված են: Թեև երեքն էլ հրապարակավ դա ժխտում են:
Հիշեցնենք նաև, որ ամռանը Վ. Ավետյանի սպանության պատճառով ձևավորված հասարակական շարժմանը մասնակցում էին ու նման երևույթները խստորեն դատապարտում էին նաև ԲՀԿ պատգամավորները: ԲՀԿ-ն, սակայն, հետագայում ամբողջությամբ չմիացավ այդ հարցով ՀԱԿ-ի` արտահերթ նստաշրջան հրավիրելու նախաձեռնությանը: Արտահերթ նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ էր 44 պատգամավորի ստորագրություն, որը հավաքելու համար ՀԱԿ-ը հույսը դրել էր ԲՀԿ-ի 37 հոգանոց խմբակցության վրա: Սակայն այդ խմբակցությունից ընդամենը մի քանի պատգամավորներ էին ստորագրել ՀԱԿ-ի նախագծի տակ, և այդ նախաձեռնությունն էլ տապալվեց: ԲՀԿ-ականները պատճառաբանել էին, թե իրենց պատգամավորներն արձակուրդում են:
Ի դեպ, ԲՀԿ-ն այսօր չի մասնակցել նաև «Ժառանգության» ներկայացրած մեկ այլ՝ «Կոռուպցիոն դրսևորումների և փաստերի վերաբերյալ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քվեարկությանը: Այս նախագիծն էլ դրական եզրակացություն չստացավ:







































