Ճապոնիայի միջուկային էներգետիկայի վերահսկման պետական կոմիտեն թույլատրել է վթարային «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի տակ արհեստական հավերժական սառածության շերտ ստեղծել: Այս որոշումն ընդունվել է կոմիտեի և ԱԷԿ-ի օպերատոր Tokyo Electric Power ընկերության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հայտնում է ITAR-TASS-ը:
Կոմիտեի փորձագետները հանգել են եզրակացության, որ նախագծի պոտենցիալ խնդիրները, մասնավորապես՝ գրունտի իջնելը, վտանգավոր չեն կայանի անվտանգության համար: «Մենք կարողացանք ճիշտ գնահատել իջեցման մասշտաբները, ինչը ներկայումս խնդիր է, որին հնարավոր է՝ մենք բախվենք պատնեշի ստեղծման ժամանակ»,- ասել է կոմիտեի ղեկավար Տոյոսի Ֆուկետան:
Վթարային էներգաբլոկների պարագծերով հավերժական սառածության մեկուկես կիլոմետրանոց շերտ ստեղծելու յուրահատուկ նախագիծն ուղղված է «Ֆուկուսիմա-1»-ի տարածքից ռադիոակտիվ գրունտային ջրի հետագա արտահոսքը կանխելուն: Դրա համար մոտ 30 մ խորության վրա պողպատե խողովակներից համակարգ կտեղադրվի, որով կշրջանառվի սառեցնող հեղուկը: Սպասվում է, որ սառածության շերտը կստեղծվի մինչև 2015 թվականը: Նախագիծը ֆինանսավորում է Ճապոնիայի կառավարությունը, նախատեսվում է դրա վրա ծախսել մոտ 313,7 մլն դոլար:









































