Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցանկանում է ապրել ազատ և ինքնուրույն որոշել սեփական ճանկատագիրը: Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները հիմնված են հենց այդ գաղափարի վրա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք պատրաստ ենք լուծելու հակամարտությունը հնարավորինս արագ, և մենք կոչն ուղղում ենք Ադրբեջանին. սա ամենալավ լուծումն է և ամենալավ ելքը կունենա: Ես գրեթե համոզված եմ, որ Ադրբեջանը սպասում է հարմար առիթի վերսկսելու ռազմական թշնամանքը, բայց որքանով նրանք կհաջողվեն իրենց ծրագրերի իրականացման գործում` կախված է միջազգային հանրության դիրքորոշումից և հայկական զինված ուժերի մարտունակության աստիճանից»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը: Նրա համոզմամբ` պետք է գիտակցել անցած պատերազմի բոլոր հետևանքներն ու արմատական պատճառները, և որևէ ապագա չունի միայն հետևանքները վերացնելու պահանջը:
«Իրոք իրավիճակը լարված է, բայց մենք երբեք թշնամական հայտարարություններ չենք արել: Անհրաժեշտ է որոշման հանգել բանակցությունների միջոցով: Ռազմական գործողությունների վերսկսումն անթույլատրելի է, քանի որ այն կվնասի Լեռնային Ղարաբաղին, Հայաստանին, բայց ավելի մեծ վնաս կկրի Ադրբեջանի ժողովուրդը»,-ասել է ՀՀ Նախագահը` նախազգուշացնելով, որ հայկական ուժերը կդիմեն անհամաչափ հարվածի, եթե Ադրբեջանը վերսկսի ռազմական գործողությունները: Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը սպառնալիքի տակ լինի:
Նախագահ Սարգսյանը նախազգուշացրել է նաև, որ Իրանի դեմ ռազմական գրոհի հեռանկարը «ծայրահեղ մտահոգություն» է առաջացնում: Այն հաջորդական դեպքերի ուղի կբացի, որն էլ կարող է Երևանի և Բաքվի միջև հակամարտության ծագման առիթ հանդիսանալ: Սարգսյանն ասել է, որ տարածաշրջանում միջազգային ներգրավվածությունը կենսական նշանակություն ունի՝ օգնելու մեղմել լարվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: «Եթե մենք ապրեինք մեկուսացված տարածաշրջանում, որտեղ միջազգային որևէ ազդեցություն չլիներ, պատերազմն արդեն սկսված կլիներ»,-եզրափակել է ՀՀ նախագահը:
ՀՀ նախագահը նաև նշել է, որ երկրի Կառավարությունն ամեն ինչ անում է` լուծելու կոռուպցիոն խնդիրները և որ Հայաստանի տնտեսությունը 7 տոկոս աճ է գրանցել անցյալ տարվա սեպտեմբերից:









































