Մակեդոնիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ Հունաստանի հետ երկրի անվանման հետ կապված վեճը լուծելուց հետո՝ գրում է ITAR-TASS-ը:
Այս մասին հայտնել է Բալկանյան երկրներ շրջագայությունների շրջանակում այսօր Սկոպյեում այցով գտնվող Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ Բալկանյան պետության վարչապետի հետ բանակցությունների արդյունքներով:
«Ես ձեզ կոչ եմ անում շարունակել ջանքերը խնդրի հարցում: Եկել է դրա ժամանակը: Դաշինքին ինտեգրումը ազատ ընտրության իրավունք է, որը, սակայն, պահանջում է մշտական բարեփոխումներ. ծանր որոշումներ ու համարձակ ղեկավարություն»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ռասմուսենի խոսքով՝ Հաագայի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հունաստանից պահանջվում է չարգելափակել Մակեդոնիայի անդամակցության գործընթացը միջազգային կազմակերպություններին, վերաբերույմ է Սկոպյեի ու Աթենքի երկկողմ հարաբերություններին ու կապված չէ ՆԱՏՕ-ի հետ:
Իր հերթին՝ Մակեդոնիայի կառավարության ղեկավարը ընդգծել է, որ Մակեդոնիայում անում են հնարավոր ամեն ինչ՝ լուծելու անվանման հետ կապված խնդիրը, որը արգելք է հանդիսանում հանրապետության անդամակցությանը ՆԱՏՕ-ին:










































