«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ, իր ազգայնական հայացքներով հայտնի ռուս քաղաքագետ, հայ-ռուսական «Գրիբոյեդով» ակումբի անդամ Ալեքսանդր Դուգինը:
– Պարոն Դուգին, տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ բան է փոխվել Հայաստանի` ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին անդամակցության ճանապարհին: Ձեր գործընկերները հայտարարում են, որ Հայաստանը հրաժարվում է եվրասիական ինտեգրացիայից, քանի որ ՀՀ վարչապետը բարձրացրել է ՀՀ-ԼՂ տարածքների անբաժանելիության ու մաքսային անցակետ տեղակայելու աննպատակահարմարության հարց: Ի՞նչ է կատարվում` Ձեր կարծիքով:
– Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ՄՄ-ում իրավական ու տնտեսական կետերը խնդրահարույց չեն, դրանք հիանալի են, որևէ վտանգավոր բան չկա, Հայաստանն ու ԼՂ-ն մեկ միասնական տարածք են: Ինձ թվում է, որ իրավիճակն այն փուլում չէ, որպեսզի վերանայվի ԼՂ կարգավիճակը ՄՄ-ում: Փաստն այն է, որ Հայաստանն ու Ղարաբաղը միասնական տարածք են, մաքսային անցակետեր, որքանով որ ես եմ հասկանում, չկան, ուստի կարծում եմ, որ այս իրավիճակը ձեռնտու է հայերին: Ուրեմն` ես չէի փորձի այդ հանգամանքի վրա այդքան ուշադրություն դարձնել:
ԼՂ հակամարտությունը գտնվում է քաղաքական պրոպագանդայի կենտրոնում, բայց ինձ թվում է, որ իրավիճակն այսօր բավականին բարեհաջող է և պետք չէ նման ակցենտներ անել որևէ պարագայում: Իրականում, եթե այնտեղ ֆորմալ կերպով որևէ անցակետ լինի, ապա միևնույն է` հակառակ կողմում հայերն են: Ես կարծում եմ, որ իրականում այն մարդիկ, ովքեր ցանկանում են խափանել Հայաստանի անդամակցությունը ՄՄ-ին, պարզապես իրենց որպես Հայաստանի թշնամիներ են դրսևորում: Կարծում եմ նաև, որ դա անպատասխան խաղ է, քանի որ Հայաստանը գնում է այդ ինտեգրացիոն պրոյեկտների ուղղությամբ, իսկ անցակետը կարելի է արհամարհել: Դա պետք չէ կենտրոնում դիտարկել և պատրվակ դարձնել, Ռուսաստանը շատ է ընդառաջ գնում Հայաստանին:
Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները շատ լավն են և վատթարացման միտում չկա, ուստի ինձ թվում է` պետք չէ խոսել այլընտրանքային որոշման կամ Ռուսաստանի առջև նախապայմաններ դնելու մասին, հայերը շատ նուրբ մարդիկ են, կարող են իրենց հարցերը լուծել և չգնալ նման կոշտ հակամարտության, քանի որ Ռուսաստանն ընկեր է, Ռուսաստանը հրավիրում է Հայաստանին ՄՄ, Հայաստանն էլ դեմ չէ, պետք չէ վերջնագրեր ներկայացնել, քանի որ բոլորն են ընդունում, որ Ղարաբաղը մտնում է Հայաստանի տնտեսական, սոցիալական, քաղաքական տարածք, բայց հարցն այն է, որ այս հարցի ընդգծման ուղղությամբ ցանկացած փորձ Ռուսաստանին, որպես Հայաստանի գլխավոր բարեկամ երկիր, դնում է անհարմար վիճակի մեջ: Իսկապես այս մասին պետք է մտածեն Հայաստանում:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը չանդամակցի ռուսական ինտեգրացիոն պրոյեկտներին, սակայն ունենա այնպիսի հարաբերություններ Ռուսաստանի հետ, ինչպես ներկայումս, միգուցե դա՞ է Հայաստանի համար ամենալավ տարբերակը:
– Ես կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ կարող են լինել նաև ոչ ՄՄ-ում, բայց, իհարկե, եթե Հայաստանը չմիանա այդ պրոյեկտներին, ապա այդ հարաբերությունները կբարդանան, ուստի ինձ թվում է, որ Ռուսաստանը հետաքրքրված է այսօր ինտեգրացիայի նոր ճյուղերով, իսկ հայերը, որպես մեր բարեկամներ, դա պետք է հաշվի առնեն, առավել ևս` որ չանդամակցությունն առաջին հերթին հակասում է ՀՀ ազգային շահերին:











































