Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկուշաբթի ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին, որն աշխատանքային այցով Վրաստան է ժամանել հոկտեմբերի 29-ին: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Վրաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:
«Հանդիպմանը Վաշաձեն եւ Սեմնեբին քննարկել են վրաց-ռուսաստանյան հարաբերությունների հետ կապված հարցերը եւ Վրաստանի բռնազավթված տարածքների իրադրությունը, ինչպես նաեւ համագործակցության առաջնային ուղղությունները: Կողմերը դրական են գնահատել Վրաստանի եւ Եվրամիության հարաբերությունների զարգացման տեմպերը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը, Սեմնեբին Վրաստանից կմեկնի նոյեմբերի 2-ին: Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչն այցի ընթացքում հանդիպումներ է անցկացրել իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել է Զուգդիդի եւ Մեստիա: