Monday, 29 06 2026
15:50
Իրանն ու Օմանն անցկացրել են Հորմուզի նեղուցի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստը
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան

Արամուսցի աշակերտուհու մահվան գործով ուսուցիչը մեղավոր է ճանաչվել միայն կաշառքի ու կեղծիքի համար

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվել է Նորայր Ստեփանյանի գործի դատական քննությունը:

Մոտ երկու տարի է տևել այս գործի նախաքննությունն ու առաջին ատյանի դատարանում դատաքննությունը:

Նորայր Ստեփանյանը որպես մեղադրյալ ներգրավվել է 2012 թվականի հունիսի 29-ին:

56-ամյա Նորայր Ստեփանյանը, ըստ դատական ակտի, Կոտայքի մարզի Արամուսի գյուղական համայնքի ղեկավարի տեղակալն է, իսկ 1989 թվականից մինչև 2012 թվականի հոկտեմբեր ամիսը նա աշխատել է Արամուսի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Ի սկզբանե առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Նորայր Ստեփանյանը դպրոցի տնօրենի` 2012 թվականի մայիսի 14-ի հրամանով ընդգրկվել է «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական-ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում, հանդիսացել է աշակերտների քննության արդյունքների ամրագրման իրավասություններ ունեցող պաշտոնատար անձ:

Ըստ նախնական մեղադրանքի՝ 2011-2012 թթ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Մարիամ Ա.-ն կոնսերվատորիա ընդունվելու նպատակով հաճախել է երգ-երաժշտության մասնավոր պարապմունքների:

Նա մասնավոր պարապմունքները չի կարողացել համատեղել դպրոցական պարապմունքների հետ:

Երեխայի խնդրանքով նրա հայրը հանդիպել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանին՝ խնդրանքով, որ ուսուցիչը դստերն ազատի դասաժամերից ու բացակա չնշանակի:

Ծնողի և ուսուցչի հանդիպումը տեղի է ունեցել գյուղապետարանի վարչական շենքի դիմաց: Ակնկալելով ուսուցչի դրական պատասխանը՝ ծնողը, որպես կաշառք, առձեռն նրան է տվել 30 հազար դրամ:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչը վերցրել է այդ գումարը և խոստացել բացակաները չնշանակել ու նպաստել, որ աղջիկը պետական-ավարտական քննության ժամանակ դրական գնահատական ստանա:

Նորայր Ստեփանյանը, ըստ նախնական մեղադրանքի, վերցրած կաշառքի դիմաց Մարիամի բացակայությունների պայմաններում դասամատյանում չի հաշվառել բացակայությունների մեծ մասը, նշանակել է բարձր գնահատականներ:

2012 թվականի մայիսի 18-ին դպրոցի մարզադաշտում ու սպորտհրապարակում «ֆիզկուլտուրա» առարկայից պետական-ավարտական քննությունները հանձնելուց առաջ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը չի հրահանգավորել, որ ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար աշակերտները նախավարժանք կատարեն:

Դրա հետևանքով «վազք 30 մետր՝ բարձր մեկնարկից» վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի պատճառով Մարիամը վայր է ընկել, ստացել ձախ ազդրոսկրի կոտրվածք:

Երեխայի ընկնելուց հետո, համաձայն նախնական մեղադրանքի, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանը և դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանը դրսևորել են անտարբեր վերաբերմունք: Պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու փոխարեն հրահանգել են, որ համադասարանցիները Մարիամին հեռացնեն վազքուղուց:

Դրանից հետո շարունակել են քննությունների ընդունումը:

Շուրջ 20-30 րոպե Մարիամը մնացել է վազքուղու հարևանությամբ՝ գետնին:

Տեսնելով, որ երեխայի ցավերն ուժեղանում են, դպրոցի ֆիզկուլտուրայի մյուս ուսուցիչը՝ Անդրեյ Փիլիպոսյանը, փորձել է զանգել շտապօգնություն, բայց չի կարողացել կապ հաստատել: Կապ հաստատել կարողացել է Մարիամի համադասարանցի Կարենը, ով հեռախոսը փոխանցել է Անդրեյ Փիլիպոսյանին, վերջինս շտապօգնություն է կանչել:

Մոտ 15-20 րոպե անց հասնելով դպրոցի բակ՝ բուժանձնակազմը վնասվածք ստացած երեխային տեղափոխել է Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ, ստացիոնար բուժման ընթացքում՝ մայիսի 20-ին, ժամը 22-ին Մարիամը մահացել է «ճարպային էմբոլիայից»:

Մայիսի 21-ին՝ Մարիամի հոգեհանգստի օրը, իմանալով, որ աղջկա համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, Նորայր Ստեփանյանը դպրոցի տնօրենի աշխատասենյակում տնօրենի, դասղեկ Պետրոսյանի ներկայությամբ, օգտվելով այն հանգամանքից, որ երեխաները դեռևս դպրոցի աշակերտներ են, գտնվում են ավարտական պետական քննություններ հանձնելու փուլում, համոզելու եղանակով նրանցից մի քանիսին դրդել է տալ սուտ ցուցմունքներ՝ իբր Մարիամի ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, ուսուցիչները չեն թույլատրել Մարիամին տեղաշարժել՝ մինչև բուժանձնակազմի ժամանելը, տնօրենը զանգահարել է շտապօգնություն և հետաքրքրվել է Մարիամի որպիսությամբ:

Աշակերտներից մի քանիսը վրդովվել են, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից: Իսկ երկու աշակերտուհի, ենթարկվելով Նորայր Ստեփանյանի դրդչությանը, նույն օրը քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ժամանակ թաքցրել են իրականությունը, տվել են սովորեցված, սուտ ցուցմունքներ:

Ընդհանուր իրավասության դատարանում Նորայր Ստեփանյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Պնդել է, թե քննությունից առաջ աշակերտուհիները իր ղեկավարությամբ կատարել են նախավարժանք: Անգամ տնօրենը մի պահ մտել է դահլիճ ու հարցրել է, թե աշակերտներից ո՞վ առողջական խնդիր ունի, բայց ոչ ոք չի արձագանքել:

Մարիամը երկրորդ համարն է եղել: Նա գերազանց սովորող, տաղանդավոր երեխա է եղել: Երբ նա վազել է, ինքը մոտեցել է հանձնաժողովի նախագահին, որ գրանցի վայրկյանացույցի արդյունքը:

Լսել է Մարիամի գոռոցը: Շրջվել ու տեսել է, որ աղջիկը ծնկի է իջած:

Բուժքույրն անմիջապես մոտեցել է նրան, օգնություն է ցուցաբերել, ինքը պահանջել է, որ երեխաները մեկ մետր հեռավորություն պահպանեն, որ բուժքրոջը չխանգարեն: Քննության հանձնաժողովի նախագահ Զոհրաբյանի հրամանով Մարիամին վազքուղուց դուրս են բերել: Նրա մոտ մնացել է բուժքույրը, իսկ քննությունը… շարունակվել է:

20-30 րոպե հետո եկել է շտապօգնությունը, Մարիամին տեղափոխել են հիվանդանոց:

Ինքը ոչ մի կեղծիք թույլ չի տվել դասամատյանում, նշանակել է իրական գնահատականներ, ներկա-բացական էլ արել է ճիշտ ու պատշաճ ձևով:

Մարիամը գրեթե 95 տոկոսով ներկա է եղել դասերին, իսկ որ օրը չի մասնակցել՝ նստած է եղել նստարանին:

Ինչ վերաբերում է աշակերտներին սուտ ցուցմունք տալուն դրդելուն, ապա նման բան չի եղել, ինքը ոչ մեկին չի ուղղորդել:

Մարիամի հորից կաշառք չի վերցրել, այդ մասին իմացել է քննիչի սենյակում: Դա բացարձակ սուտ է, ինքը գումար չի վերցրել:

Ինքը Մարիամի հոգեհանգստին, հուղարկավորությանը գնացել է, յոթին էլ գնացել է նրանց տուն, նստել, խոսել են, բայց մի փոքր անախորժությունից հետո ինքը հեռացել է նրանց տնից:

Մարիամի հայրը դատարանում պնդել է, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանին տվել է 30 հազար դրամ՝ 2 հատ 5-հազարանոց և 1 հատ 20-հազարանոց թղթադրամներ:

Նորայր Ստեփանյանը վերցրել է ու ասել. «Առանց դրա էլ կլիներ»: Եկել են ընդհանուր հայտարարի, որ Մարիամը չպետք է մասնակցի ֆիզկուլտուրայի դասերին, բացակա չի նշանակվի, տարեվերջին էլ նորմալ գնահատական կստանա:

Մարիամի հայրը հայտնել է, թե դուստրն իրեն ասել է՝ եթե Ստեփանյանը վերջին վայրկյանին չբղավեր՝ արագացրո՛ւ, ինքը չէր ընկնի, քանի որ բարձր ձայնից երեխան շփոթվել ու վայր է ընկել:

Մարիամի մայրն ասել է, թե ուսումնական տարվա սկզբում դուստրն իրեն ասել էր, որ Նորայր Ստեփանյանը 100 դոլարի դիմաց կարող է ընդառաջել, բացականեր չդնել: Երեխայի ընդունելության քննությունները չձախողելու համար և՝ որպեսզի երեխան չնեղվի, իրենք գնացել են այդ քայլին:

Գործի դատական քննության ժամանակ՝ մինչև դատական վիճաբանությունների փուլին անցնելը, մեղադրող Ա. Մարուխյանը որոշում է կայացրել Նորայր Ստեփանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին:

Նորայր Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել միայն 30 հազար դրամ կաշառք վերցնելու և դասամատյանում կեղծիքներ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 1-ին և 325 հոդվածի 1-ին մասերով: Նախավարժանք չկատարելով՝ երեխայի ընկնելու պատճառ դառնալը, ինչպես նաև աշակերտներին սուտ ցուցմունք տալուն դրդելը մեղադրանքի կողմը դատարանում ապացուցված չի գնահատել:

Տուժող կողմն առարկել է մեղադրողի կայացրած նոր որոշման, Նորայր Ստեփանյանին նախապես առաջադրված չորս մեղադրանքներից երկուսը հանելու դեմ:

Նորայր Ստեփանյանը այդ՝ «թեթևացված» մեղադրանքի պարագայում ևս իրեն մեղավոր չի ճանաչել:

Ընդհանուր իրավասության դատարանը Նորայր Ստեփանյանին մեղավոր է ճանաչել վերը հիշատակված երկու հանցավոր արարքների՝ կաշառք վերցնելու և դասամատյանում կեղծիք կատարելու համար:

Դատարանը հաշվի է առել ամբաստանյալի տարիքը, վատառողջությունը, պարգևները, դրական բնութագիրը:

Նորայր Ստեփանյանը վերջին հաշվով դատապարտվել է 2 տարի 6 ամիս ազատազրկման և 1 տարով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Նորայր Ստեփանյանի նկատմամբ կիրառվել է համաներման ակտը, ու նա ազատվել է հիմնական՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի կրումից:

Հիշեցնենք, որ Մարիամի մահվան համար ավելի վաղ մեղավոր էին ճանաչվել նաև հիվանդանոցում «ճարպային էմբոլեան» չախտորոշած, ճիշտ բուժում չկատարած երեք բժիշկները, ովքեր դատապարտվել էին 2-ական տարի ազատազրկման և համաներման կիրառմամբ նույնպես ազատվել էին պատժի կրումից:

Այսպիսով, մի տաղանդավոր երեխայի կողքին միգուցե ճակատագրորեն հայտնվել են մարդիկ, ովքեր իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ չեն կատարել, աշխատել են տնավարի ու անտարբեր, և պատճառ են դարձել երեխայի մահվան:

Նրանք՝ չորսն էլ, ազատ են պատժից: Հետևում են մնացել նախաքննական-դատաքննական չարչարանքները: Մարդիկ անգամ իրենց մեղավոր չեն ճանաչել…

Հիմա կյանքն ընթանում է իր հունով:

Բայց այդ կյանքում մեծահասակների ճակատագրական սխալների պատճառով պակասում են բնությունից օժտված մի երեխայի լուսավոր ձայնն ու ներկայությունը…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում