Սիրիայում առևանգված ուկրաինուհի լրագրող Անխար Կոչնևան, ով աշխատում էր ռուսական ԶԼՄ-ների հետ, ուկրաինական և ռուսական դիվանագետներին խնդրում է կատարել առևանգողների պահանջները:
«Իմ անունն Անխար է: Ես գտնվում եմ Հոմս քաղաքում: Ուկրաինական և ռուսական դեսպանատներին, ինչպես նաև սիրիական կառավարությանը խնդրում եմ կատարել առևանգողների պահանջները»,- ասում է Կոչնևան տեսահոլովակում, որը տեղադրված է Facebook-ի էջում:
Տեսահաղորդագրությունն արված է արաբերենով: Առևանգողների պահանջների մասին լրագրողուհին չի հայտնել:
Հիշեցնենք, որ Կոչնևան Սիրիա էր ժամանել այն բանից հետո, երբ այդ երկրում հակամարտություն էր սկսվել: Նա համագործակցում էր ռուսական շատ հրատարակությունների հետ՝ նրանց տեղեկություններ հաղորդելով Սիրիայում իրադրության մասին:
Հոկտեմբերի կեսերին Ուկրաինայի ԱԳՆ-ը հաղորդել էր, որ ուկրաինական քաղաքացիություն ունեցող Կոչնևայի ճակատագրի և գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի:








































