«Թալիբան» իսլամիստական շարժումը Բարաք Օբամային կոչ է արել ընդունել ԱՄՆ-ի պարտությունն Աֆղանստանում:
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, հայտարարության մեջ, որն արվել է նախագահի պաշտոնում Օբամայի վերընտրվելու կապակցությամբ, թալիբները խորհուրդ են տվել նրան անմիջապես հանել ամերիկյան զորքերն Աֆղանստանից. «Օբաման պետք է արդեն հասկանա, որ իրենք պարտվել են Աֆղանստանի պատերազմում։ Այնպես որ, առանց հետագա խաբեության, պետք է անմիջապես լքեն մեր սուրբ հողը»։
Ինչպես տեղեկացնում է DPA գործակալությունը, թալիբները խորհուրդ են տվել Սպիտակ տան վերընտրված տիրոջը հրաժարվել «համաշխարհային ոստիկանի» դերից և զբաղվել ամերիկացիների խնդիրների լուծմամբ:
Նոյեմբերի վեցին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Օբաման վերընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: Իր պաշտոնավարման սկզբնական շրջանում ԱՄՆ 44-րդ նախագահը հրաժարվել էր «ահաբեկչության դեմ պայքարի» քաղաքականությունից, սակայն Աֆղանստանում դեռ առկա են ամերիկյան զորքեր:
Վերջին հաշվարկներով՝ 11 տարիների ընթացքում այստեղ զոհվել է ավելի քան երկու հազար ամերիկյան զինվորական։









































