Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում մեկնարկեց Հայաստան-ՆԱՏՕ եզրափակիչ խորհրդակցությունը` «ՀՀ-ում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագրի շուրջ:
Հայաստան-ՆԱՏՕ 2009-2011 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով իրականացվել է «ՀՀ-ում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը՝ «Գիտություն հանուն խաղաղության» գործընթացի աջակցությամբ:
«Գիտություն հանուն խաղաղության» ծրագրի համատնօրեն Ֆիլիպ Ֆուգերոլը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ ուրախ էր տեսնել ծրագրի շրջանակում իրականացված եռանդուն աշխատանքը: Ըստ նրա՝ մոնիթորինգի արդյունքում բազմաթիվ տվյալներ են կուտակվել ժամկետանց թունաքիմիկատների վերաբերյալ:
«Վստահ եմ, որ այս արդյունքների հիման վրա նոր ծրագիր կիրականացվի: «ՀՀ-ում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրն իրականացնելու համար տրամադրվել է 240 հազար եվրո: Ծրագիրն ավարտված է, բայց այս ոլորտում անելիքներ կան»,- կարծիք հայտնեց Ֆիլիպ Ֆուգերոլը:
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, որը նշեց, որ նախարարությունը կարևորում է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը, որի կարևոր բաղադրամասերից է հանդիսանում «Գիտություն հանուն խաղաղության» գործընթացը, որի աջակցությամբ էլ բարեհաջող իրականացվեց «Հայաստանի Հանրապետությունում ժամկետանց թունաքիմիկատների մոնիթորինգ և վերլուծություն՝ դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը: Նրա որակմամբ՝ այս ծրագիրը հետաքրքիր և առանձնահատուկ է նրանով, որ մի կողմից՝ ապահովեց Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, իսկ մյուս կողմից՝ նպաստեց ՄԱԿ-ի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի և «Վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին» Բազելի կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարմանը:
«Գիտություն հանուն խաղաղության» գործընթացի շրջանակում մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, այդ իսկ նկատառումով ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստվում է նոր ծրագրային առաջարկ ներկայացնել, որն ամրագրված է 2011-2013 թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում»,- եզրափակեց իր խոսքը նախարարը՝ բարի աշխատանքային օր մաղթելով խորհրդակցության մասնակիցներին:
Եզրափակիչ խորհրդակցության ընթացքում «ՀՀ-ում ժամկետանց թունաքիմիկատների հաշվառում, մոնիթորինգ և վերլուծություն` դրանց էկոլոգիապես անվտանգ հեռացման նպատակով» ծրագիրը կներկայացնի ծրագրի համատնօրեն Անահիտ Ալեքսանդրյանը: Արդյունքների հետագա կիրառության և միջազգային հետևանքների մասին կխոսի ծրագրի համատնօրեն Իվան Հոլոբեկը: Խորհրդակցական օրվա ընթացքում իրենց ելույթներով հանդես կգան նախարարությունների համապատասխան բաժինների, ՀԿ-ների ներկայկացուցիչներ: Աշխատանքային օրը կավարտվի քննարկմամբ:







































