ՆԱՏՕ-ի 28 անդամ երկրների գլխավոր շտաբների պետերը Բելգիայի մայրաքաղաքում մայիսի 21-22-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն ուկրաինական ճգնաժամը: Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամլո ծառայությունը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
«Գլխավոր շտաբների պետերը կքննարկեն Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը և դրա հետևանքները ՆԱՏՕ-ի համար, կարծիքներ կփոխանակեն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև կգնահատեն ՆԱՏՕ-ի պատրաստվածությունը ճգնաժամերին արձագանքելու գործում»,- ասվում է հաղորդագրությունում:
Երկօրյա հանդիպման շրջանակում դաշինքի երկրների ռազմական ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ կանցկացնեն ուկրաինացի և վրացի գործընկերների հետ: Կքննարկվեն զինվորականների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները, մասնավորապես՝ համատեղ զորավարժություններին և ուժերի համատեղելիության ապահովման նպատակով նախապատրաստությունը:





































