ԱՄՆ-ում ընտրատեղամասերը հիմնականում տեղակայվում են դպրոցական սպորտդահլիճներում կամ գրադարաններում: Սակայն երբեմն ընտրատեղամաս կարող են դառնալ նաև լվացքատները, սրճարանները, բարերը, վարսավիրանոցները, ավտոմեքենաների նորոգման կետերը, և նույնիսկ թաղման բյուրոները:
«Երբ ինձ հարցրին` կհամաձայնեմ լվացքատան մի մասը դարձնել ընտրատեղամաս, ես միանգամից համաձայնեցի: Դա կարող է հաճախորդներ գրավել»,- պատմել է Չիկագոյում գտնվող փոքր լվացքատան սեփականատեր Փոլ Հենսենը: Դրա համար Հենսենը տեղի իշխանություններից 150 դոլար է ստացել, փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
Ընտրատեղամասի վերածվելու համար մասնավոր հաստատությունները պետք է որոշակի պահանջների համապատասխանեն: Հաստատությունում պետք է արգելված լինի ալկոհոլային խմիչքների վաճառքը, պետք է ունենա լավ լուսավորություն և հաշմանդամների սայլակների համար հասանելի լինի:











































