ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը:
«Սա Սարսանգի ջրամբարն է: Դրական քայլ կլիներ, եթե կողմերը կարողանային կառավարել ջրային ռեսուրսները»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում՝ կից տեղադրելով ջրամբարի նկարը:
Հիշեցնենք, Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976թ. Տերտեր գետի վրա և այժմ գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Ջուրն օգտագործվում է ոռոգման և էներգետիկ նպատակներով: Ջրամբարը ձմռանը չի սառչում և ունի ձկնային ռեսուրսներ:
Ադրբեջանը բազմիցս բողոքներ է հայտնում, որ սահմանամերձ շրջաններում իրենք ոռոգման ջրի խիստ պակաս ունեն և հայերին մեղադրում են դիտավորյալ կերպով ջուրը փակելու մեջ:









































