Լիբիայում իրավիճակը լարված է. զինվորականները հայտարարել են երկրի ժամանակավոր խորհրդարանի՝ Համազգային կոնգրեսի աշխատանքը դադարեցնելու մասին: Այս մասին ասվում է «բանակի անունից» հայտարարության մեջ, որը կիրակի օրը լիբիական մասնավոր հեռուստաալիքի եթերում ընթերցել է գնդապետ Մուհթար Ֆերնանան՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Մենք՝ զինծառայողները և հեղափոխականները, հայտնում ենք կոնգրեսի աշխատանքի սառեցման մասին»,- ասել է նա՝ նշելով, որ «առավելագույնս սահմանափակված վերահսկողությունը և օրենսդիր գործառույթներն անցումային շրջանում» փոխանցվել են փետրվարին ընտրված, այսպես կոչված, 60-ի խորհրդին (Սահմանադրական ասամբլեա), որը կզբաղվի երկրի նոր հիմնական օրենքի մշակմամբ:
Հիշեցնենք՝ կիրակի օրը զինված մարդիկ գրոհել են Համազգային կոնգրեսի շտաբ-բնակարանը, փակել այնտեղ տանող բոլոր ճանապարհները: Կրակոցների ձայնի ներքո հարձակվողները ներխուժել են, խուզարկել խորհրդարանականների գրասենյակները, այրել մի քանի աշխատասենյակ: Տեղեկություն է ստացվել մի շարք խորհրդարանականների ձերբակալման մասին, սակայն այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Մինչև հիմա հակասական տեղեկություններ են ստացվում գրոհի հետևում կանգնածների առնչությամբ: Ըստ որոշ տեղեկությունների՝ այն իրագործել են «Ալ-Կաակի» և «Սավաիկի» բրիգադները, սակայն ավելի վաղ հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր այսպես կոչված՝ Լիբիայի ազգային բանակը, որը ձևավորել է գեներալ Խալիֆա Խաֆթարը: Վերջինս անցած ուրբաթ օրը հայտարարել էր Բենղազիում արմատական իսլամիստների խմբավորումների վրա հարձակման մասին: Նրա ղեկավարած զորքերը վերջին 3 օրերի ընթացքում մարտեր են վարել տեղի բնակչությանն ահաբեկած ծայրահեղականների հետ, որոնց ժամանակ զոհվել է մոտ 85 մարդ:









































