ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի ընտրական ավտոմատ-սարքերից մեկը շտապ հեռացրել են, քանի որ համացանցում հայտնված տեսանյութում պարզ երևում է, որ ընտրողներից մեկը սեղմում է Բարաք Օբամայի անվան կոճակը, իսկ ստուգող պատուհանում լուսավորվում է Ռոմնիի անունը, հայտնել է NBC հեռուստաալիքը:
Դեպքն արձանագրել է ընտրողներից մեկը: Նա ասել է, որ 2 անգամ սեղմել է Օբամայի անվան կոճակը, սակայն արդյունքը նույնն է մնացել:
Երբ նա սեղմել է ընտրություններում գրանցված այլ թեկնածուների անուններով կոճակները, սարքը նորմալ գործել է. այն «սայթաքել է» միայն Օբամայի օգտին քվեարկելիս` ձայնը գրանցելով Ռոմնիի օգտին:
Ընտրատեղամասում ընտրությունների կարգին հետևող դիտորդը ինչպես հարկն է չի արձագանքել նկատողությանը, ինչից հետո ընտրողը նկարահանել է սարքի սխալը և տեսանյութը տեղադրել համացանցում:
Տեսանյութը համացանցում տեղադրելուց հետո սարքը հեռացվել է ընտրատեղամասից:








































