«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
– Պարոն Աշոտյան, ԵԺԿ-ն իր կայքում տեղադրել է հայտարարություն, որով գործընկեր կուսակցություններին հորդորում է հնարավորինս շատ դիտորդներ ուղարկել մայիսի 25-ին Ուկրաինայում տեղի ունենալիք նախագահական ընտրություններին: Հանրապետական կուսակցությունը ԵԺԿ անդամ է, դիտորդներ կուղարկի՞ Ուկրաինա:
– Կուսակցությունը նման հարց չի քննարկել: Մենք կուսակցական դիտորդներ շատ հազվադեպ ենք ուղարկում, անգամ ԵԺԿ ձևաչափով:
– Բայց դա կարող է հիասթափություն առաջացնել ԵԺԿ-ի ձեր գործընկերների մոտ:
– Անհոգ եղեք, մեր և ԵԺԿ-ի հարաբերությունների համար մի մտահոգվեք: Հունիսի սկզբին, ԵԺԿ-ի հերթական քաղաքական վեհաժողովն է, բնականաբար մենք մասնակցելու ենք:
– Իսկ Ձեզ չի՞ մտահոգում այն հեռանկարը, որ այնտեղ վատ ընդունվի այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն Ուկրաինայի ընտրություններին դիտորդներ չի ուղարկել:
– Մենք միշտ ակտիվ ենք մասնակցում ԵԺԿ-ի քաղաքական վեհաժողովի քննարկումներին, ինչպես նաև ԵԺԿ-ի այլ ավելի լուրջ միջոցառումներին՝ գագաթնաժողովներին և համագումարներին: Գրեթե միշտ ելույթներ ենք ունենում: Եթե ես այնտեղ ելույթ ունենամ, և դա ձեզ հետաքրքրի, ես ձեզ օպերատիվ կտեղեկացնեմ այդ մասին:
– Իհարկե, Ձեր ելույթները ոչ միայն մեզ, այլև ԵԺԿ-ի համար շատ կարևոր իրադարձություն են, բայց եթե այնտեղ մտահոգություն հայտնվի, թե ինչու ՀՀԿ-ն դիտորդներ չուղարկեց Ուկրաինա…:
– Ձեր համառությունը Ձեզ գեղեցկացնում է:
– Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Հայաստանում արած այն հայտարարությունը, թե Հայաստանի համար անհրաժեշտ է մշակել եվրոասոցացման նոր մոդել, որը չի խանգարի մեր երկրի՝ Մաքսային միության հետ համագործակցությանը:
– Դա ենթադրում էր, որ ՀՀ իշխանությունների այն մոտեցումը, որ «և…և»-ի քաղաքականությունը հնարավոր է իրականացնել, որ այն կենսունակ մոտեցում է, վերջապես ընկալվել է: Ցավում եմ, որ դա ընկալելու, դրա հետ հաշտվելու համար գլոբալ առումով ուկրաինական դեպքերը վերլուծելու կարիք եղավ, որոնք նաև մարդկային զոհերով էին ուղեկցվում: Այդուհանդերձ, իրավիճակն այնպիսին է, որ Եվրամիության շատ ու շատ ղեկավարներ կարծեք թե վերանայում են իրենց կոշտ քաղաքականության մոտեցումները: Եվ հասկանալի է դառնում, որ ԵՄ շուրջ բարեկեցիկ ու անվտանգ գոտի ունենալու համար Ռուսաստանի հետ կոնֆրոնտացիայի գնալը լավագույն տարբերակը չէ:
– Այսինքն` Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերը վախեցրի՞ն Եվրոպային: Չէ՞ որ այդ դեպքերը սկսվեցին անցած տարեվերջից, երբ այդ երկիրը պատրաստվում էր ԵՄ հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը:
– Կարծում եմ` Ուկրաինայի դեպքերը ազդեցին բոլոր այն մարդկանց վրա, որոնք այդ պետության, այդ ժողովրդի հանդեպ ունեին ջերմ վերաբերմունք, այդ թվում` և ինձ վրա է ազդել:
– Փաստորեն, Եվրոպան հասկացավ, որ եթե Հայաստանը ԵՄ հետ նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը, կարժանանար Ուկրաինայի ճակատագրին: ՌԴ-ն մեր երկրում էլ անկայունություն կհրահրեր:
– Այնքան ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն իրենց հաջողակ արտաքին քաղաքականությամբ կարողացել են զերծ պահել աշխարհաքաղաքական խրամատ դառնալու դառը ճակատագրից:
– Փաստորեն, իսկապես ՀՀ իշխանությունների վրա Ռուսաստանի ճնշումը եղել է, երբ անցած տարի սեպտեմբերի 3-ին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մեր երկիրը մտնում է Մաքսային միություն:
– Ես ճնշում բառն օգտագործեցի՞:
– Ոչ, բայց դա կոնտեքստում հասկանալի է, հասկանալի է նաև ԵՄ-ի այսօրվա դիրքորոշումներից:
– Ի՞նչ ճնշումների մասին է խոսքը: Եթե դուք ինձանից եք հարցազրույց վերցնում, ապա խնդրում եմ իմ բառամթերքը և իմ մտքերը շարադրեք:
– Հարցեր տալուց ես իմ և ոչ թե ձեր բառերը պետք է օգտագործեմ:
– Դա ձեր միտքն էր:
– Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե գործարարներն այսուհետ պետք է հավասար պայմաններում աշխատեն: Փաստորեն, ՀՀ իշխանությունները վարչապետի մակարդակով ընդունում են, որ մինչև այժմ մեր գործարարներն անհավասար պայմաններում են գործել:
– Հավասար պայմաններո՞ւմ են աշխատում:
– Պարոն Աշոտյան, ես եմ հարցեր տալիս:
– Ես էլ ձեզ եմ հարցնում:
– Ես գտնում եմ, որ մինչ այս պահը գործարարների համար հավասար պայմաններ չեն եղել:
– Փաստորեն, դուք ինձ տալիս եք հարցեր, որոնց պատասխաններն ունեք:
– Բայց դա չի խանգարում իմանալ նաև ՀՀԿ-ի կարկառուն դեմքերից մեկի՝ Արմեն Աշոտյանի կարծիքը:
– Ես ինձ համարում եմ ՀՀԿ-ի շարքային ներկայացուցիչ:
– Դուք ՀՀԿ փոխնախագահն եք և կրթության ու գիտության նախարարը: Ինչպես նաև՝ Facebook-ում ակտիվ հրապարակային գործունեություն եք իրականացնում:
– Շնորհակալություն ընդգծելու համար իմ քաղաքական և պետական պաշտոնները:
– Այնուամենայնիվ, մինչև այժմ պայմանները հավասար չէի՞ն, որ վարչապետը ցանկանում է հավասարեցնել:
– Միշտ էլ կա տեղ ավելի հավասար պայմաններ ստեղծելու, ավելի լավ միջավայր ստեղծելու անհրաժեշտություն: Չկա պատմության ավարտ հասկացությունը ոչ մի բնագավառում: Չկա մի վիճակ, երբ այլևս անելիք չկա և այլևս ամեն ինչ հրաշալի է: ԱՄՆ-ում, արևմտյան Եվրոպայում ցանկացած ոլորտում միշտ կա վիճակը բարելավելու հնարավորություն: Պետականաշինությունն անընդմեջ գործընթաց է, անընդհատ գործողություններ է պահանջում՝ առավել կատարելագործելու բոլոր համակարգերը: Տվյալ պարագայում՝ նաև տնտեսական համակարգը:








































