ԲՀԿ-ն պարտավորություն չունի որևէ կուսակցության առջև, ունի պարտավորություն բացառապես ժողովրդի և հանրության առջև, ում հետ քննարկելուց հետո կկայացնի իր որոշումը: Այս մասին ասել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում:
«Կուսակցական ակտիվում քննարկումներին զուգահեռ ԲՀԿ պատգամավորները, քաղաքական խորհրդի ներկայացուցիչները, ակտիվիստները վաղը չէ մյուս օրվանից կգնան մարզեր, կլսեն ժողովրդի ձայնը, կտեսնեն, թե ում է ուզում տեսնել թեկնածու, և ԲՀԿ-ն կկայացնի իր որոշումը»,- ասել է Նաիրա Զոհրաբյանը: Նա հայտարարել է, որ որևէ մեկի հետ ԲՀԿ-ն որևէ պաշտոնի շուրջ որևէ սակարկություն չի անում. «Մենք որևէ պայմաններ որևէ մեկին չենք առաջարկում, մեզ համար ոչ թե պաշտոնակռվի, բազարների տիրույթում է, մենք համակարգային փոփոխությունների լրջագույն խնդիր ենք դրել: Երկիրը ուղղակիորեն գտնվում է սոցիալ-տնտեսական լրջագույն ճգնաժամի մեջ, որից ելքը համակարգային փոփոխություններն են»: Նաիրա Զոհրաբյանը համարում է, որ իշխանությունը մամուլի տարբեր միջոցներով փորձում է ստուգել ԲՀԿ-ի զգոնությունը, հասկանալ, թե ինչ է ուզում ԲՀԿ-ն, ինչ պաշտոն, որ առաջարկի դա՝ կոալիցիա ներգրավելու համար: Այս մասին խոսելով՝ ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասել է. «Խորհուրդ եմ տալիս զոնդաժների հեղինակներին և նրանց գրչակներին ուրիշ տիրույթում տեսնել իրենց չիրականացված երազանքները»:
Խոսելով ԲՀԿ քաղխորհրդի հաճախ անցկացվող փակ նիստերից՝ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ նրանցում քննարկման հիմնական թեման նախագահական ընտրություններն են. «Դոմինանտ է տեսակետը, որ ԲՀԿ-ն պետք է նախագահական ընտրություններին մասնակցի իր թեկնածուով, քանի որ անտրամաբանական կլինի, թե ինչու է խորհրդարանական ընտրություններում այսքան ձայն տարած կուսակցությւոնը մասնակցում ընտրություններին ոչ սեփական թեկնածուով»։ Նա ասել է, թե ԲՀԿ-ն ուրիշ կուսակցությունների նման չէ, որ գիշերը գաղտնի ժողով անեն՝ անգամ իրենց ղեկավարին տեղյակ չպահելով:
Նաիրա Զոհրաբյանն ավելացրել է, որ նկատվում է կոմպրոմատների պատերազմ, և սպառնացել է այնպիսի փաստաթղթեր հրապարակել, որ շատերի մազերը, այսպես ասած, «բիզ-բիզ կանգնեն», բայց չի ասել, թե խոսքը ում և ինչ փաստաթղթերի մասին է:







































