Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը իրենց անհանգստությունն են հայտնել Ուկրաինայի արևելքում շարունակվող բախումների վերաբերյալ և կողմերին կոչ են արել թուլացնել լարվածությունը, ասվում է ՌԴ ԱԳՆ նախարարության կայքում կիրակի օրը տեղադրված հաղորդագրության մեջ: Այս մասին է գրում RIA Novosti-ն:
«Նախարարներն իրենց անհանգստությունն են հայտնել շարունակվող բախումների կապակցությամբ, համաձայնել են, որ իրադրության լարվածությունն անհապաղ պետք է թուլացնել, զոհերից խուսափելու նպատակով հրաժարվել բռնարարքներից, և Ուկրաինայի սահմանադրական բարեփոխումների հարցերի շուրջ իրական համազգային երկխոսություն սկսելու համար բարենպաստ պայմաններ ստեղծել»,- նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է երկու նախարարների հեռախոսազրույցի արդյունքներով:
Լավրովն ու Շտայնմայերը նշել են նաև կլոր սեղանների մեծ նշանակությունը, որոնք Ուկրաինայում անցկացվում են ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ:
Ռուսաստանի ԱԳ նախարարն ընդգծել է նաև Կիևի կողմից զինված ուժերը բողոքների մասնակիցների դեմ օգտագործելը դադարեցնելու անհրաժեշտությունը:












































