Հացադուլ հայտարարած, «լրտեսների» գործով դատապարտված Աշոտ Չտրկյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը Սերժ Սարգսյանի աշխատակազմից մարդ է պահանջում:
«Իմ պաշտպանյալը բողոքում է վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ: Նա գտնում է, որ դատարանը հնարավորություն չի տվել իրեն` հայտնելու իր միջնորդությունները: Ա. Չտրկյանը պահանջում է Սերժ Սարգսյանի աշխատակազմից որևէ մեկին, որպեսզի նա կարողանա անձամբ իր դատողությունները և դիտողությունները ներկայացնել նախագահին: Հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ և որոշ դատավորների և դատախազների մեղադրեց գործերի քննություններն անբավարար մակարդակով տանելու մեջ:
Մենք գտնում ենք, որ դատարանը լուրջ խախտում է թույլ տվել, և ընդհանրապես` դա մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի ոտնահարում է: Դատարանը չպարզեց` նա ունի՞ միջնորդություն, թե՞ ոչ: Դատավորները շատ արագ հեռացան խորհրդակցության, բայց թե ինչու` չեմ կարող ասել»:
Հարություն Բաղդասարյանը նշեց նաև, որ երեկ է եղել իր պաշտպանյալի մոտ, բայց չգիտի, թե Աշոտ Չտրկյանը որքան ժամանակ կշարունակի հացադուլը. «Իմ պաշտպանյալը տրամադրված է հացադուլ հայտարարել, որոշակի ժամկետ չի դրել, ու նրա հիմնական պահանջն այն է, որ Սարգսյանի աշխատակազմից մարդ լինի: Նա գտնում է, որ ինքը ապօրինի է դատապարտվել, իսկ ինֆորմացիան Սերժ Սարգսյանին հասցվում է ոչ օբյեկտիվ»,- եզրափակեց փաստաբանը:









































