ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Ռաս ալ Խայմա էմիրության կառավարիչ շեյխ Սաուդ բին Սակր ալ Քասիմիի հետ:
Քննարկվել են Հայաստանի հետ էմիրության տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է եղել էմիրության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ու փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին: Փոխվարչապետն ընդգծել է Ռաս ալ Խայմայի կարևոր դերը Հայաստան- ԱՄԷ համագործակցության մեջ է և հույս հայտնել, որ հետագա փոխշահավետ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը:
Ռաս ալ Խայմայի կառավարիչը մասնավորապես անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին եւ դրանց ընդլայնման մտադրություններին: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ «Մաջիդ ալ Ֆուտտեյմ» ընկերության հետ իրենց համագործակցությունը` Երևանի Ավան թաղամասում ներդրումային ծրագրի հետ կապված, նույնպես կնպաստի երկկողմ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ զրուցակիցները կարեւորել են փոխայցելությունների կազմակերպումը, որոնք լրացուցիչ խթան կհանդիսան կապերի ակտիվացման, փոխգործակցության նոր հնարավորությունների բացահայտման համար: Երկուստեք անհրաժեշտ է համարվել նաեւ գործարարների ուղիղ շփումների կազմակերպումը, որի համար լավ հնարավորություն կարող են լինել նաև երկու երկրների միջև կազմակերպվող գործարար համաժողովները:
Նշենք, որ Հայաստանի կառավարության եւ Ռաս ալ Խայմայի էմիրության միջև 2007թ. ստորագրվել է տնտեսական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
ՀՀ փոխվարչապետն ավարտելով աշխատանքային այցը Արաբական Միացյալ Էմիրություններ` մեկնել է Իրաքի Հանրապետություն, որտեղ Ա. Գևորգյանի համանախագահությամբ նոյեմբերի 7-ին տեղի կունենա Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը:
Լուսանարը՝ PanARMENIAN Photo-ի











































