Anonymous շարժման երկու տասնյակ ակտիվիստներ՝ Գայ Ֆոքսի դիմակներ հագած, նոյեմբերի 5-ի երեկոյան հրավառություն են կազմակերպել ու վարդեր դրել Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքի առաջ: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով բելգիական ԶԼՄ-ները:
«Այս ակցիայով մենք Եվրոպային կոչ ենք անում լինել ավելի ազնիվ»,- հայտարարել է Բելգիայում Anonymous-ի պաշտոնական ներկայացուցիչը:
Ինչպես բացատրել են շարժման ակտիվիստները, ակցիան նվիրված է Ջեյմս Մակտիգի «V ՝ նշանակում է վենդետտա» ֆիլմին և Գայ Ֆոքսին, որը կալանավորվել է 1605 թ. նոյեմբերի 5-ին՝ մեղադրվելով անգլիական ու շոտլանդական Յակով 1-ին արքայի դեմ դավադրության մեջ:
Գայ Ֆոքսի դիմակը, որը օգտագործվել է ֆիլմում, դարձել է բողոքի շարժման ու ինտերնետի ազատության խորհրդանիշը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ակցիայի մասնակցիները հաջողությամբ հեռացել են՝ չնայած Եվրախորհրդարանի պահակազորի միջամտությանն ու ոստիկանության հետ բախմանը: Ոչ ոք չի կալանավորվել:











































