Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին նախատեսում է մոտ ժամանակներս այցելել Ռուսաստան: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Եգիպտոսի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Յասիր Ալիին:
Յասիր Ալին հաղորդել է, որ երկուշաբթի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Եգիպտոսի նախագահի հետ, որոնց ընթացքում Ռուսաստանի իշխանությունների անունից փոխանցել է ՌԴ այցելելու հրավեր:
Ալիի խոսքերով՝ եգիպտացի նախագահը Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է եգիպտա-ռուսական հարաբերությունների զարգացման կարևորության մասին: Մուհամմադ Մուրսին ընդգծել է Ռուսաստանի ազդեցության կարևորությունը ճգնաժամերի լուծման գործում, որոնցից հիմնականը Սիրիայում արյունահեղության դադարեցումն է:
«Նախագահ Մուրսին Ռուսաստանի նախագահին կոչ է արել ակտիվ կերպով շարունակել մասնակցությունը քառյակում՝ հաշվի առնելով դրա դերը պաղեստինյան խնդրի կարգավորման հարցում»,- ասել է Ալին:







































