Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց աղմկահարույց ավազակային հարձակումների իրագործման համար մեղադրվող բանդայի գործով դատական քննությունը:
Բանդայի՝ կայուն կազմակերպված խմբի ստեղծման ու ղեկավարման համար մեղադրվում է Արտուշ Հակոբյանը: Բանդայի կազմում հավաքագրվածներն են համարվում, ըստ մեղադրանքի՝ Դավիթ Գալստյանը, Սամվել Դավթյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանը, Քյարամ Ամոյանը: Բանդան, ըստ նախաքննական մարմնի, 2011 թվականի մայիս-օգոստոս ամիսներին կազմակերպել ու իրականացրել էր ավազակային հարձակումներ Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի առանձնատների վրա, կատարել էր Բեզոյանի և Գրիգորյանի մեքենաների հափշտակություն և ապօրինի տիրապետում, 2011 թվականի սեպտեմբերի 23-ի գիշերը նախապատրաստված էր եղել նոր ավազակային հարձակում, սակայն խումբը բռնվել ու բացահայտվել էր: Բանդայի անդամները զինված էին եղել ապօրինի զենքերով, ապօրինի ձեռք էին բերել զինամթերք, ոմանք ունեցել էին նաև թմրամիջոց:
Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեց տուժողների մի մասը:
Էդուարդ Բեզոյանի տիկնոջ ցուցմունքով՝ իրենց տան վրա հարձակումը կատարվել էր 2011 թվականի հունիսի 1-ի գիշերը: Կինը արթնացել էր, տեսել, որ իր ու ամուսնու ննջարանում կողմնակի մարդիկ կան: Նրանք եղել էին դիմակներով, սև հագուստով, ձեռնոցներով: Տուժողի հաշվարկով՝ նրանց տանը եղել էր հինգ կամ վեց հարձակվող: Կապկպել էին տան բոլոր անդամներին՝ Էդուարդ Բեզոյանին ու կնոջը, նրանց որդուն, հարսին ու երեք թոռներին, իսկ առաջին հարկում՝ անկողնային հիվանդ տատիկին ու նրա մոտ այդ գիշեր հերթապահող աղջկան՝ տանտիրուհու եղբոր դստերը: Պահանջել էին գումար, ոսկեղեն, արժեքավոր իրեր: Տանտիրոջ որդուն ու տանտիրոջը ծեծել էին, պահանջել էին բացել չհրկիզվող պահարանը, որը եղել էր սենյակներից մեկում, տեսանելի տեղում:
Տանտիրոջ որդին նկատել էր, որ չհրկիզվող պահարանը սխալ բանալիով էին փորձում բացել, ասել էր, թե փականը փչացրել են, ինքն էլ չի կարողանում բացել, առաջարկել էր, որ մոտ մեկ մետր բարձրություն ունեցող սեյֆն ավազակներն իրենց հետ տանեն: Ի վերջո, հարձակվողներն այդպես էլ վարվել էին:
Նրանք, ըստ տուժողի, տարել էին մոտ 20-25 հազար դոլար, սեյֆում եղած ու տան այլ տեղերից հայտնաբերած մեծ քանակությամբ ոսկեղեն, որի քանակի ու արժեքի մասին տուժողն ասաց, թե հափշտակվածը շատ էր, իրենք անկարող էին եղել ստույգ արժեքը հաշվել: Նրանց տանն էր եղել նաև ամուսնացած դստեր ոսկեղենը, որի արժեքը, ըստ ոսկեղենի տիրոջ, մոտ 180 հազար դոլար էր:
Տանտերերը ավազակներին տրամադրել էին տանը եղած արժեքավոր ոսկեղենն ու գումարը, սակայն ավազակները շարունակել էին բռնություն գործադրել ու էլի պահանջել: Նրանցից մեկը տանտերերի ներկայությամբ ասել էր. «Հլա բեր թոռներին մեկ-մեկ աչքերի առաջ մորթի, տեսնեմ՝ ո՞նց չեն տալիս»:
Ավազակներից մեկը խոսել էր խռպոտ, արհեստական ձայնով: Ըստ տուժողի՝ դա եղել էր Գուրգենը, նա, ով հիմա ողջ չէ: Թե ինչից էր տիկինը նման ենթադրություն անում, չկարողացավ բացատրել, քանզի երբեք չէր լսել, թե ինչ ձայնով էր խոսել Գուրգենը, երբ ողջ էր: Ավազակները խոսել էին ռուսերեն, բայց՝ վրացա-չեչենական ակցենտով: Թե ինչու էին ենթադրել՝ չեչենական, տիկինը նույնպես չգիտեր, քանի որ իրական չեչենների երբեք չէր լսել:
Տուժողը ենթադրում էր, թե վրացական ակցենտով ռուսերեն խոսելը հետքերը խառնելու միջոց էր, որովհետև ավազակները միմյանց հետ նաև վարժ հայերեն էին խոսել:
Ավազակները Բեզոյանների տնից հեռացել էին նրանց մեքենայով՝արծաթագույն «Նիսան Պատրուլով»: Մեքենան հետո հայտնաբերվել էր:
Պաշտպան Արսենյանի հարցին տուժողը պատասխանեց, թե նախաքննության ավարտին չէր օգտվել իր իրավունքից ու չէր ծանոթացել քրեական գործի տասնվեց հատորների նյութերին: Նախաքննության ավարտի մասին էլ իմացել էր համացանցից:
Նախագահող դատավորը մի քանի անգամ դիտողություն արեց տեղից խոսող կամ վրդովված տոնով հարց տվող ամբաստանյալներին, զգուշացրեց, թե դատական սանկցիա կկիրառի: Պաշտպան Սաֆարյանը հայտարարեց, թե կոչ է անում դատավորին մթնոլորտը փոխել, ամբաստանյալներին թույլ տալ, որ նրանք իրենց հարցերը հնչեցնեն, թեկուզ դա լինի բարձր տոնով, քանի որ քրեական դատավարության օրենսգրքով չի արգելվում բարձր տոնով հարց հնչեցնելը: Իր պաշտպանյալը, օրինակ, Բեզոյանների տան վրա կատարված հարձակման ժամանակ եղել էր ՌԴ-ում, չէր կարող մասնակից լինել հարձակման այդ դրվագին, մինչդեռ տուժողն ասել էր, թե բոլոր ամբաստանյալներն էին մասնակցել հարձակմանը: Պաշտպանը միաժամանակ դատավորի հարցին պատասխանեց, թե դատավորի անկողմնակալությունը կասկածի տակ չի դնում և չի ցանկանում ինքնաբացարկի միջնորդություն անել, միայն ուզում է, որ ՙդատաքննությունը վարվի առանց ռեպրեսիվ մեթոդների՚:
Տիկին Բեզոյանի եղբոր դուստրը հարձակման պահին եղել տան առաջին հարկում, տատիկի սենյակում: Ավազակներն առաջինը նրանց սենյակ էին մտել ու նրանց էին կապկպել: Տուժողը հիշեց, որ ավազակներից մեկին Սայիդ էին անվանում: Տուժողի ենթադրությամբ՝ դա կեղծ անուն էր, ավազակները դրանով ցանկանում էին հետքերը խառնել:
Ըստ տուժողի՝ ավազակներից մեկի ձայնը մյուսներից ավելի երիտասարդի ձայն էր, նա երեսունից ցածր տարիքով երիտասարդ էր. այդպես էր պատկերացրել տուժողը: Նա տեսել էր շագանակագույն ատրճանակ, որը պահել էին իր գլխին, պահանջել, որ սուս մնա, ապա կապկպել էին: Դատավորը հարցրեց, թե ամբաստանյալներից որ մեկի ձայնն է նմանեցնում հարձակման ժամանակ լսած ձայներին: Տուժողը պատասխանեց, թե առավել նման ձայն է Արթուր Մանուկյանի ձայնը, և եթե նա հարձակման օրերին ՌԴ-ում չգտնվեր, ինքը հարյուր տոկոսով համոզված կլիներ, թե նա եղել է հարձակման մասնակիցների մեջ:
Տուժող Ատոմ Ղազազյանի տիկինը ցուցմունք տվեց, որ իրենց տան վրա հարձակումը եղել էր 2011 թվականի մայիսի 18-ի գիշերը: Նա եղել էր տասնմեկ տարեկան դստեր ննջարանում, արթնացել էր շշուկներից, տեսել էր դիմակավորված, սև հագած մարդկանց: Մոր ճչոցից երեխան էլ էր արթնացել, ավազակներից մեկը հարվածել էր երեխային: Ապա տանտիրուհին տեսել էր, թե ինչպես են հարվածելով ու քարշ տալով ննջարանից հանում վատառողջ ամուսնուն:
Տուժողը ներկայացրեց, որ կապկպել էին իրենց, խոսել էին վրացական ակցենտով ռուսերենով, բայց հայերեն էլ էին խոսել: Նա լսել էր, թե ինչպես էր ամուսինն անընդհատ գոռացել: Նրան հարվածել էին, փողն ու ոսկեղենն էին պահանջել: «Ամուսինս ադամանդի որակավորող է, ոսկու շուկայում օֆիս ունենք, ենթադրել էին, թե մեր տանը կիլոներով ոսկեղեն ու ադամանդեղեն կլինի: Տանը եղած ամբողջ ոսկեղենը տվել էինք, բայց էլի էին պահանջում… Ոչ մեկին չեմ ցանկանա, որ այդպիսի իրավիճակում հայտնվի: Դաժան ֆիլմերից ավելի դաժան պահ էր: Ավազակներից մեկը հայերեն ասաց՝ գլուշիտելը բերեք՝ տղային խփենք: Պատկերացրեք մեր վիճակը… Աղջիկս մինչև հիմա վախենում է, ամուսնուս առողջական վիճակը շատ վատ է…»:
Ըստ այս տուժողի՝ իրենց տան վրա երևի հինգ հոգի էին հարձակվել: Իրենց տանը անտիկվար, շատ մեծ արժեք ունեցող առարկաներ էլ կային, որոնք նույնպես հափշտակել էին: Ընդամենը, ըստ տուժողի, իրենց տնից տարել էին 24 միլիոն դրամի ոսկեղեն: Շատ արժեքավոր բաներ կային, օրինակ՝ սև մարգարիտից վզնոց, 30 հազար և հազար դոլարանոց ժամացույցներ, 1200 դոլար ու 50 հազար դրամ:
Ավազակախմբի բացահայտումից հետո իրենց տանը քննչական փորձարարություն էին կատարել Դավիթ Գալստյանի մասնակցությամբ: Դավիթի վիճակը այնքան էլ լավ չէր: Փորձարարությունը կատարվել էր գիշերվա ժամը երկուսին, իրենց համաձայնությամբ: Տիկինը և իր դուստրը հեռու էին եղել, որովհետև երեխան վախեցել էր դիմակներով օպերատիվ աշխատողներից:
Ատոմ Ղազազյանի որդին ցուցմունք տվեց, թե ինքը լսել էր, որ ավազակներից մեկը սպառնացել էր «գլուշիտելը» դնել ու կրակել իրեն, նույնիսկ տեսել էր, թե ինչպես է այդ «գլուշիտելը» հագցնում զենքին: Բայց մյուս ավազակը նրան ասել էր՝ ի՞նչ ես անում, ու դուրս էր տարել սենյակից:
Տուժողն ասաց, թե ավազակները միմյանցից էլ էին հափշտակում՝ «իրար վրայից էին գողանում», որովհետև հորից պահանջում էին, որ ոսկեղենի ու փողի տեղն ասի, միայն՝ երբ ընկեր-ավազակը դուրս գա սենյակից: Տուժողի գլխին խփել էին զենքի կոթով;
Քննչական փորձարարության ժամանակ, երբ Դավիթը նրանց տանը մատնացույց էր արել, թե որտեղից էին ներս մտել, որտեղից էին վերցրել ոսկեղենն ու փողը, ինքը ներկա էր եղել, ոչ ոք Դավիթին չէր ուղղորդել, ինքն էր ցույց տվել, չնայած ձեռքը դժվարությամբ էր բարձրացնում, ոտքերն էլ հազիվ էր շարժում:
Տուժողները ոչ մի ավազակի դեմքը չէին տեսել, որովհետև նրանք լիովին փակ դիմակներով էին եղել: Այսօր դատարանի միջանցքից դահլիճ չմտավ Ատոմ Ղազազյանը՝ պատճառաբանելով, որ վատ է զգում և ցուցմունք տալ չի կարող այսօր: Միջանցքում նա, այնուամենայնիվ, ասաց, թե կարծում է՝ ինչ-որ մեկը իր ընտանիքի նկատմամբ թշնամանքից դրդված էր ավազակներին ուղղորդել իրենց տուն, ինքն իրեն մեծահարուստ չի համարում: Ատոմ Ղազազյանը նաև ասաց, թե հուսահատության պահին բարձրաձայն աղոթել էր, ու ավազակները երկու րոպեից թողել ու հեռացել էին:
Հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա նոյեմբերի 12-ին, կշարունակվի տուժողների հարցաքննությունը:
Լուսանկարը՝ «Փաստինֆո»-ի







































