Այսօր ժամը 11:00-ին, Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը, այսօր կայացավ գործով 3 կարևոր վկաների հարցաքննությունը, իսկ չորրորդի հարցաքննությունը կիսատ մնաց: Ըստ փաստաբանի՝ բացի վկաներից մեկից, մնացածն այդ հոսպիտալի տարբեր պաշտոններ զբաղեցնող բժիշկներ էին: «Ամենակարևորն Արմինե Սերոբյանի հարցաքննությունն էր, որը եղել է Հայկ Խաչատրյանի բուժող բժիշկը մինչև արձակուրդ մեկնելը: Ինքն այն անձնավորությունն է, որի վերաբերյալ մենք պահանջում ենք, որ մեղադրանք առաջադրվի: Այսինքն՝ ինքն այն անձն է, որ, Հայկ Խաչատրյանի հոր ասելով, շատ ավելի վաղ է տեղյակ եղել ջրծաղիկի ախտորոշման մասին, բայց այդպես էլ Հայկ Խաչատրյանին ինֆեկցիոն հիվանդանոց չի ուղարկել՝ կարծելով, որ ջրծաղիկը վտանգավոր չէ, իրենից մեծ վտանգ չի ներկայացնում: Հիմա վկան Հայկ Խաչատրյանի հոր ասածները հերքում է, որ իրենք հանդիպել են և զրուցել այս մասին: Իր ցուցմունքները մենք արժանահավատ չենք գնահատում և կարծում ենք՝ իր ցուցմունքները նպատակ ունեն խուսափել պատասխանատվությունից, բայց մենք ամեն ինչ անելու ենք և պահանջելու ենք, որ ինքը պատասխանատվության ենթարկվի»,- մանրամասնեց փաստաբանը: Նա նաև կարևորեց վերջին վկայի հարցաքննությունը, որն այսօր չավարտվեց: Դա հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի պետ Վահան Գևորգյանն էր: Սակայն նրա հարցաքննությունը կիսատ է մնացել:
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ՝ դատարանը զրկված է արդարադատություն իրականացնելու հնարավորությունից, իսկ փաստաբաններն՝ իրենց դիրքորոշումը ներկայացնելու դիրքորոշումից՝ այն պատճառով, որ գործը հսկող դատախազն առանց իր միջնորդությանը լուծում տալու գործը ուղարկել էր դատարան, իսկ դատարանը դատական քննություն էր նշանակել: «Դատարանն այլևս գործը դատախազին վերադարձնելու իրավունք չունի, բայց երկու մեղադրյալների արարքները սխալ իրավաբանական որակում են ստացել: Այսինքն՝ իրենք 2-ն էլ մեղադրվում են 376 հոդվածի 1-ին մասով, այնինչ՝ պետք է մեղադրվեին 376 հոդվածի 2-րդ և 132 հոդվածի 2-րդ մասով: Այսինքն՝ ակնհայտ մեղմ մեղադրանք է առաջադրվել քննիչի կողմից»,- հստակեցրեց Շուշանյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 9-ին, ժամը 12-ին:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով, ջրծաղիկ հիվանդությունից:
Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:
Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:












































