Грузия Online-ի փոխանցմամբ՝ հնարավոր է՝ սառեցվի Քութայիսում գտնվող Վրաստանի խորհրդարանի նոր շենքի կառուցման գործընթացը, որն ամբողջությամբ չի ավարտվել: Այս հարցն այսօր քննարկվել է Վրաստանի խորհրդարանում:
«Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Ակակի Բոբոխիձեն այսօր դիմել է խորհրդարանական մեծամասնությանը («Վրացական երազանք»)՝ կոչ անելով գտնել 15-20 միլիոն լարի՝ Քութայիսում խորհրդարանի նոր շենքի կառուցումն իր ավարտին հասցնելու համար:
Սակայն ի պատասխան դրա՝ խորհրդարանական մեծամասնության առաջնորդներ Դավիթ Սագանելիձեն և Զաքարիա Կուցնաշվիլին հայտարարել են, որ դեռ վերջնականապես լուծում չի ստացել խորհրդարանի՝ Քութայիսում մնալ-չմնալու հարցը: Նրանք հայտարարել են, որ ներկայումս ավելի լավ կլինի սառեցնել խորհրդարանի նոր շենքի կառուցման գործընթացը՝ ընդգծելով դրա մեծ ծախսատարության հանգամանքը:
Նրանք հավելել են, որ քաղաքական տեսանկյունից նպատակահարմար կլինի, եթե խորհրդարանը վերադառնա մայրաքաղաք:
Հիշեցնենք, որ Քութայիսը գտնվում է մայրաքաղաք Թբիլիսիից 240 կիլոմետր հեռավորության վրա: Ավելի վաղ Բիձինա Իվանիշվիլին «մեծ հիմարություն» էր որակել խորհրդարանը Թբիլիսիից Քութայիս տեղափոխելու վերաբերյալ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի որոշումը:









































