Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին է վերադարձվել այն 80 միլիոն լարի գումարը, որը նա բյուջեի հաշվին էր փոխանցել որպես Կախեթիում բնական աղետից տուժածներին օգնություն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման ու ենթակառույցների նախարար Դավիթ Նարմանիան.
«Որքանով ես գիտեմ, Բիձինա Իվանշվիլիի վճարած տուգանքը չի օգտագործվել որպես Կախեթիի տուժած շրջանին օգնություն: Այդ գումարը գտնվել է Կատարողական ազգային բյուրոյի հաշվին և վերադարձվել է Իվանիշվիլիին որպես ապօրինաբար վճարված տուգանք»:
Հիշեցնենք, որ Բիձինա Իվանիշվիլին նախընտրական բազմաթիվ խախտումների համար տուգանվել էր 80 միլիոն լարիով: Իվանիշվիլին հայտարարել էր, որ չի մուծելու այդ տուգանքը, սակայն Կախեթիի շրջանում գրանցված բնական աղետից հետո համաձայնել էր դրան՝ պայմանով, որ այդ գումարը պետք է բաժին հասնի տուժած շրջանի (Կախեթի) բնակչությանը:











































