Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնը, վկայակոչելով եգիպտական «Ալ Ահրամ» թերթը, հայտնում է, որ Թուրքիայից Եմեն ուղարկված խմորեղենի տուփերում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք: Այս մասին հայտարարել է Եմենի պաշտպանության նախարարությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ զենքը Թուրքիայից Ադեն նավահանգիստ է բերվել նավով: Եմենի պաշտպանության նախարարությունն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ մեծ քանակությամբ զենքի խմբաքանակում եղել են նաև խլացուցիչով զենքեր:
Եմենի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այդ զենքն ուղարկվել է երկրի կայունությանն ու անվտանգությանը վնասելու համար: Միևնույն ժամանակ, նախարարության հայտարարությունում նշված չեն զենքն ուղարկողի ու ստացողի հասցեները:






































