Մեծ Բրիտանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ HSBC Holdings-ը ԱՄՆ կառավարությանը 1.5 մլրդ դոլարի չափով տուգանք կվճարի: Այս մասին հայտնում է Sky News-ը:
2012-ի հուլիսին, ԱՄՆ Կոնգրեսի սենատը հետաքննություն էր անցկացրել ներքին փաստաթղթերի հիման վրա և բանկի աշխատանքում բազմաթիվ խախտումներ ի հայտ բերել: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ HSBC-ն թույլ կերպով է վերահսկում իր հաճախորդների գործունեությունը: Դա հանգեցրել էր նրան, որ ԱՄՆ-ի ֆինանսական համակարգում հայտնվել էին ապօրինի գործունեության արդյունքում ստացված գումարներ:
«Ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով 7 տարվա ընթացքում HSBC բանկը ծառայել է որպես գործիք՝ մեքսիկական թմրակարտելների գումարների լվացման համար»,- ասվում էր սենատի հայտարարությունում:
Բացի այդ՝ նշվում էր նաև, որ բանկն իրականացրել է «կասկածելի օպերացիաներ» Կայմանյան կղզիներում, Իրանում, Սաուդյան Արաբիայում և Սիրիայում:
HSBC-ն կասկածվում է նաև արմատական իսլամիստներին ֆինանսավորող կազմակերպությունների հետ համագործակցության մեջ:
Սկզբում բանկի վարչակազմը վճարումների համար առանձնացրել էր 700 մլն դոլար, սակայն այդ գումարը կավելացվի ևս 800 միլիոնով:








































