Ամերիկյան իշխանությունները «120%-ով անում են ամեն ինչ» վերականգնողական աշխատանքների ժամանակ «Սենդի» փոթորկից տուժած ԱՄՆ միջինատլանտյան շրջաններում:
Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որ ԱՄՆ արտակարգ դրության դաշնային գործակալության շտաբ-գրասենյակում անցկացրել է հերթական խորհրդակցությունը, որը նվիրված է եղել աղետից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու հարցերին:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ ամերիկյան իշխանություններն արդեն ձեռնամուխ են եղել աղետի հետևանքով տուժածներին ժամանակավոր կացարան տրամադրելուն:
«Սենդի» փոթորկից ամենաշատը տուժել են Նյու Ջերսի, Նյու Յորք, Արևմտյան Վիրջինիա նահանգները, որտեղ Օբաման ուղարկել է ԱՄՆ վարչակազմի հինգ բարձրաստիճան ներկայացուցիչների: Խոսքը ազգային անվտանգության, առողջապահության, սոցիալական ծառայությունների, քաղաքաշինության զարգացման նախարարների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի մասին:
«Վերականգնումը լինելու է երկարատև և թանկ շատ համայնքների համար: Առջևում շատ աշխատանք կա»,- նշել է նախագահը:









































