«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին Twitter-ի իր էջում շնորհավորել է «Բարսելոնա»-ի ռմբարկու Լիոնել Մեսսիին` որդու ծննդյան առիթով: «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստը, մասնավորապես, գրել է.
«Շնորհավորում եմ Մեսսիին որդու` Տիագոյի ծննդյան կապակցությամբ: Առաջին խորհուրդս` հեռու մնա Վենգերից»:
Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնի է տաղանդավոր պատանի ֆուտբոլիստներին նկատելու և նրանց բարձրակարգ ֆուտբոլիստներ դարձնելու հատկությամբ:
Ամիսներ առաջ նույն Բալոտելին Twitter-ի իր էջում լուսանկարներ էր տեղադրել, որտեղ Վենգերն ուսումնասիրում է պատանիներ Միկել Արտետային և Խաբի Ալոնսոյին: Ինչպես հայտնի է, տարիներ անց Վենգերին հաջողվել է ձեռք բերել Արտետայի տրանսֆերը:








































