Ընդդիմության ինքնապաշտպանության հնարքներից մեկն այն է, թե ինչու են լրագրողական և փորձագիտական շրջանակները իշխանությանը թողած քննադատության ենթարկում կամ հավասարաչափ քննադատության ենթարկում ընդդիմությանը, կամ այսպես ասած` իշխանության դեմ պայքարող ուժերին, այն դեպքում, երբ իշխանությունը կործանում է երկիրը:
Այդ դիտողությունը հաճախ կարելի է լսել նաև ընդդիմության համակիրների շուրթերից: Ավելին` հաճախ այն անցնում է դիտողության սահմանն ու ընդդիմությանը կամ այսպես ասած` այլընտրանքային ուժերին ուղղված քննադատությունը որակվում է իբրև իշխանության պատվեր, կաշառվածություն և այլն: Քաղաքական բավական սուր դիմակայություն է, և այդ ամենը հասկանալի է: Բայց իրավիճակը ունի, թերևս, բացատրության, պարզաբանման կարիք, հատկապես այդ ամենին հետևող, կողքից դիտող քաղաքացիների համար:
Հայաստանի իշխանության որակը հայտնի է բոլորին: Շատերին է հայտնի նաև, թե այդ իշխանությունն ինչպես է եկել հանգել այդ որակին, ինչպես է իշխանության մեջ ընդհանրապես տեղ ստացել այդ որակը, հետո առաջ քաշվել, խրախուսվել, իսկ հետո էլ ստացվել «օձը տաքացնողին է խայթում» պատմությունը: Հայաստանը փոքր երկիր է, իսկ անկախության պատմությունն էլ դեռևս կարճ, ու ամեն ինչ ափի վրա է, աչքի առաջ: Հայաստանի ներկայիս իշխանությունն անկախության ընթացքի տրամաբանական հետևանքն է: Այն ընթացքը, որով շարժվել է Հայաստանը հենց 90-ականների կեսերից, չէր կարող այլ տեղ հանգեցնել, քան սրան: Բայց դա, անշուշտ, չի նշանակում, որ ներկայիս իրավիճակի և ապագայի համար գործող իշխանության պատասխանատվությունը նվազում է կամ թեթևանում: Ամենևին: Գլխավոր պատասխանատուն օրվա իշխանությունն է, ինչքան էլ որ նրա ստացած ծանր ժառանգությունը լինի անմխիթար վիճակի պատճառը:
Ի վերջո, խնդիրն այն է, որ պետք է ձեռնարկվեն փոփոխությանն ուղղված քայլեր` այն, ինչ հնարավոր է: Եվ դա պետք է անի գործող իշխանությունը: Իսկ տվյալ պարագայում ակնհայտ է, առնվազն ճնշող մեծամասնության համար, որ գործող իշխանությունը եթե ինչ-որ բան էլ անում է, ապա բոլորովին ոչ այնքան, ինչքան հնարավոր է: Արվում է դրա բավականին նվազ մասը, ինչը որևէ շոշափելի փոփոխության չի հանգեցնում, իսկ արատները շարունակում են իրենց լավ զգալ տարբեր մարմիններում: Ընդհանուր առմամբ, կարծես ակնհայտ է, որ գործող նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է հովանավորել օլիգարխներին, պարզապես նրանց, ովքեր համարվում են յուրային: Սերժ Սարգսյանը շարունակում է հանդուրժել մենաշնորհները, նրա իշխանության ժամանակաշրջանում շարունակում են ձևավորվել նորերը: Սերժ Սարգսյանը շարունակում է քաղաքական դրդապատճառներով իրավական համակարգը մրցակիցների դեմ որպես լծակ օգտագործելու հայաստանյան ավանդույթը: Սերժ Սարգսյանը շարունակում է կեղծել ընտրությունները, ինչպես իր նախորդները: Կասկած չկա, որ նա իշխանությունը կպահի նաև բռնությամբ, եթե հարկ լինի:
Այսինքն` Հայաստանի իշխանությունը չի դավաճանում ինքն իրեն, և այստեղ ամեն ինչ շատ ավելի պարզ է, չնայած մի քանի փոփոխություններին, որոնց մեծ մասն էլ հիմնականում կոսմետիկ է կամ պարտադրված է Արևմուտքից: Այդ ամենից հետո միակ տրամաբանական եզրահանգումը բնականաբար կարող է լինել այն, որ Հայաստանում իշխանափոխությունը հրամայական է և այն պետք է լինի հնարավորինս շուտ, քանի որ դա է պահանջում երկրի ռազմավարական շահը, որը սպասարկելու հարցում ներկայիս իշխանությունն էլ նախկինների նման անգործունակ է:
Եվ ահա այս պարզ ճշմարտություններից հետո, բնականաբար, գալիս է հարցը, թե իսկ ով պետք է փոխի այդ իշխանությունը: Ո՞վ է հավակնում լինել այդ ուժը, գլխավորել հանրային բողոքը, ո՞վ է հավակնում հանդես գալ ժողովրդի անունից և ի՞նչ է կատարվում այդ հանդեսի ներքո: Եվ բնական է, որ առաջնային է դառնում արդեն ընդդիմության կամ ընդդիմությունների և այլընտրանքների որակի խնդիրը: Որ իշխանությունը պետք է հեռանա` անքննարկելի է, բայց առնվազն մանկամտություն կլինի 21-ամյա փորձից հետո չքննարկել, թե իսկ ով է գալու, ինչպես և ինչով է գալու որպես նոր իշխանություն: Այդ համատեքստում առնվազն բնական է, էլ չասած անհրաժեշտի մասին, որ մամուլը, փորձագետները, քաղաքականությամբ հետաքրքրված քաղաքացիները փորձում են հասկանալ, իսկ ինչ որակ, մտածողություն, քաղաքական հարաբերությունների ու պատկերացումների ինչ մշակույթ, ազնվության, անկեղծության ինչ աստիճան և հասարակության առաջ հաշվետվողականության ինչ մեխանիզմ է առկա ընդդիմությունների և այլընտրանքների պարագայում:
Հայաստանում խնդիրները չափազանց շատ են ու խորը, իսկ արտաքին մարտահրավերներն էլ բավական լուրջ են, և այդ ամենի համատեքստում էլ շատ քիչ է դրանց ադեկվատ պետություն դառնալու համար ունեցած կամ մնացած ժամանակը: Հետևաբար` Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ անհաջող կամ անարդյունավետ իշխանափոխության տարբերակ, ինչը կնշանակի ժամանակի անիմաստ կորուստ և հանրային էներգիայի գերկորուստ: Այստեղ, իհարկե, կհնչի հակափաստարկ, թե Հայաստանն ամեն դեքում ոչինչ չի կորցնի, քանի որ միևնույն է` գործող իշխանությունը Հայաստանի համար ինքնին կորուստ է իր գործունեությամբ: Այդ փաստարկը կարող է շատ փոքր մասով լինել իրավացի, քանի որ իշխանափոխությունը` եթե այն տեղի է ունենում անորակությամբ հավասարազոր ուժերի միջև, հանգեցնելու է ընդամենը սեփականության նոր վերաբաշխման, առանց որևէ հանրային և պետական օգտակարության: Այսինքն` պետությունն, այդուհանդերձ, տուժելու է կայունության մասով, փոխարենը որևէ հանրային և պետական շահ չի սպասարկվելու:
Այդ իսկ պատճառով, իշխանափոխության արդյունավետության համար շատ կարևոր է, որ դրան հավակնող ուժերը հասարակությանը ներկայացնեն այլ որակի և այլ արժեքների, այլ գործելաոճի կրող լինելու, այլ մշակույթի և մտածողության կրող լինելու հուսալի երաշխիքներ և ապացույցներ: Հենց դրանք պարզելու համար էլ «ամեն բան պարզ» իշխանության դեպքում հասարակության համար առավել քան կարևոր է դառնում նաև ընդդիմության կամ այլընտրանքների մասով ամեն բան պարզելը: Իսկ դրան ընդդիմանում են երևի թե այն ուժերը, որոնք, այնուամենայնիվ, ունեն հասարակությունից թաքցնելու լուրջ բաներ:











































