ԱՄՆ-ը համառորեն հայկական և ադրբեջանական կողմերին օդանավակայանի շահագործման կարգավորման կոչ է անում` գտնելու հարցի դիվանագիտական լուծում, որի հիմքում պետք է լինեն համապատասխան միջազգային համաձայնագրերը, սովորական միջազգային իրավունքը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև քաղաքացիական ավիափոխադրումների պրակտիկան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Նա նաև հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը այս հարցի վերաբերյալ հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ:
«Հայտարարությունը նախ եղել է 2011թ.-ին, հետո` 2012թ.-ի հուլիսին, որտեղ ներկայացված են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դիրքորոշումները` ուղղված այդ հարցի դիվանագիտական կարգավորմանը»,- ավելացրել է նա:
«Այդ հայտարարություններում մենք նաև նշել ենք, որ օդանավակայանի շահագործումը չպետք է ունենա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը փոխելու նպատակ»,- ասել է Վիկտորյա Նուլանդը:








































