ԱՄՆ-ում դաշնային դատավոր Ռոյս Լամբերտը, ի պատասխան պատմության տեխասցի պրոֆեսորի հարցապնդմանը, վճռել է հրապարակել Ուոթերգեյթի գործով փաստաթղթերը` հաղորդում է Associated Press-ը: Խոսքը որոշ դատական նյութերի մասին է, որոնք վերաբերում են 1970-ականներին «Ուոթերգեյթի սկանդալին», որից հետո նախագահ Ռիչարդ Նիքսոնը ստիպված պաշտոնանկ է եղել:
ԱՄՆ կառավարության ներկայացուցիչները հաստատել են, որ դեմ չեն փաստաթղթերի հրապարակմանը: Ազգային արխիվը պետք է մեկ ամսվա ընթացքում գտնի և հրապարակի դրանք:
Հայցի հեղինակը դատարանին նման խնդրանքով դիմել էր 2009-ին. նրա նամակում խոսքը հարյուրավոր էջանոց նյութի մասին է:
Հիշեցնենք. Ուոթերգեյթի գործի հիմքում ընկած է այն դեպքը, երբ 1972-ին Նիքսոնի նախընտրական կոմիտեի անդամները փորձել են Դեմոկրատական կուսակցության` Վաշինգտոնի «Ուոթերգեյթ» հյուրանոցում տեղակայված շտաբ-բնակարանում գաղտնալսման սարքեր տեղադրել: Նշված աշխատակիցները գաղտնալսման և գողության մեղադրանքով ձերբակալվել էին: Ի վերջո, Նիքսոնը 1974-ի օգոստոսին հարկադրաբար հրաժարական էր տվել:






































