«Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջև տեղի ունեցած վերջին իրադարձությունները խիստ բացասաբար անդրադարձան և՛ կուսակցության, և՛ Րաֆֆի Հովհաննիսյանի անձնական վարկանիշի վրա:
Այսօր այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը՝ խոսելով նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի հնարավորությունների և վարկանիշի շուրջ:
Սոցիոլոգի կարծիքով՝ վերջերս տեղի ունեցած իրադարձությունները ծնունդ տվեցին մի «անհասկանալի ալյանսի», որը ի վերջո ցույց տվեց, որ նպատակ չուներ համագործակցությունը «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, պարզապես դեմոկրատներն օգտվեցին և «Ժառանգություն» կուսակցությունն օգտագործեցին որպես վերելակ՝ ԱԺ անցնելու համար:
«Ես համոզված եմ, որ ինքը շատ ձայներ կորցրեց դրա արդյունքում: Այսօր քաղաքական դաշտի ինտրիգը և քաղաքական զարգացումներ կանխորոշողը ԲՀԿ-ն է, բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանն իր բոլոր շանսերը վաղուց կորցրել է»,- տեսակետ հայտնեց սոցիոլոգը՝ ավելացնելով, որ հնարավոր է՝ գալիք նախագահական ընտրություններում նա ստանա 10-11 % ձայն, սակայն դա չնչին տոկոս է։ Նրա համոզմամբ՝ միանշանակ պարզ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթելու մասին խոսք անգամ լինել չի կարող, իսկ քանի տոկոս կունենա՝ չի կարող ասել:
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը գալիք նախագահական ընտրություններում:






































