ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ծայրահեղ դժգոհ է 2013 թվականի բյուջեի նախագծից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ պրոֆեսիոնալ առումով բավարարված չէ կատարված աշխատանքից:
«Երկրի ֆինանսական համակարգն ադեկվատ պահելու այս դժվարին վիճակում գտնված չեն ճիշտ միջոցները»,- ասաց նա:
Հրանտ Բագրատյանին զարմացրել է այն, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է, թե բյուջեն սոցիալական ուղղվածության է: «Ստիպված ես լինում բացատրել, որ ոչ սոցիալական բյուջե չի լինում, քանի որ բյուջեն ֆինանսավորում է հանրային կարիքները»,- նշեց Բագրատյանը:
Իրականում, ըստ բանախոսի, բյուջեի աճ ապահովված չէ: Առերևույթ կա 110 մլրդ դրամի աճ: «Բայց եթե չեզոքացնում ենք գնաճը, որն ավտոմատ բերում է աճի, չեզոքացնում ենք էդ եկամտահարկի մասին փոփոխությունը և նոր հարկային վարչարարությունը, որը 60 մլրդ է բերում, տակը բան չի մնում»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, ոչինչ չի արվել նաև ստվերի կրճատման ուղղությամբ` փոքր ու միջին բիզնեսը դարձյալ ճնշվելու է:
Հրանտ Բագրատյանը նշեց, որ բյուջեի մասին ավելի մանրամասն կխոսի նոյեմբերի վերջին: Իսկ մինչ այդ մի շարք առաջարկություններ ու դիտողություններ կներկայացնի կառավարության կազմած բյուջեի վերաբերյալ:
Անդրադառնալով Doing business-ում Հայաստանի արձանագրած առաջընթացին՝ նախկին վարչապետը նշեց, որ պետք չէ տարվել այդ ցուցանիշներով: «Ես տիրապետում եմ խոհանոցին. այնտեղ նստած չինովնիկ է դա կազմում, հնարավոր չէ, որ նա կանտրոլ անի: Նա ասում է՝ եղբայր իմ, ցուցանիշները ձևական են: Կարող է ֆորմալիզացիայի աստիճանի և իրականության միջև այնպիսի շեղում լինի, որ իրականում հակառակ պատկերը ստացվի»,- ասաց նա:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի












































