Այսօր նախագահական նստավայրի մոտ բախում տեղի ունեցավ բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև:
Ցուցարարները Եկմալյան, Արամի և մի շարք այլ կենտրոնական փողոցների բնակիչներ էին, ովքեր պայքարում են 2006 թվականին հանրային գերակա շահ անվան տակ քանդված իրենց բնակարանները վերադարձնելու կամ փոխհատուցում ստանալու համար:
Նրանցից մեկը՝ անկախ լրագրող Սոնա Մաղաքյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հատկապես դժգոհեց ոստիկանների գործողություններից. «Տառապում ենք , որ նամակ ուղարկենք նախագահին: Նամակներ ենք ուղարկում, բայց դրանք գոլորշիանում են: Մենք չենք ասում` նախագահը տեղյակ չէ, բայց ամեն դեպքում մենք ուզում ենք մեր նախագահի հետ անձամբ խոսել, նայել նրա աչքերին: Մինչև ե՞րբ ենք մենք փողոցոում մնալու:
Մենք հավաքվել էինք նախագահի նստավայրի մոտ, բայց մի ամբողջ զորք հանեցին մեզ վրա, չգիտեմ` ինչեր արեցին: Ոստիկանները փորով հրում են կանանց, չեն թողնում, որ Բաղրամյան փողոցում նորմալ քայլենք: Դա տղամա՞րդ է կոչվում, այդ ի՞նչ գործողություններ են իրականացնում:
Մենք ուրիշ բան ենք ուզում անել, բայց նրանք մեզ հրահրում են: Նախագահը խոստացավ մինչև նոյեմբերի մեկը մեզ օգնել, այս հարցը լուծել: Թող ասի` ի՞նչն է պատճառը, որ մինչև այսօր չի անում: Թող մեր ղեկավարները նայեն մեր աչքերին ու ասեն»:











































