Լատվիայի կառավարությունը մտադիր է մտնել եվրոգոտու մեջ 2014 թ. հունվարին: Սակայն եվրոյի հանդեպ վստահության ռեկորդային ցածր մակարդակը դրդում է ընդդիմությանը պլանավորել հանրաքվե այս հարցի վերաբերյալ: Փորձագետները համոզված են, որ այն բացասական ելք կունենա:
Այնուամենայնիվ, իշխող կուսակցությունները դեմ են նման հանրաքվեի անցկացմանը:
Եվրոյին անցնելու իր մտադրության մասին Լատվիան հայտարարել էր դեռևս յոթ տարի առաջ, երբ ստորագրել էր Եվրամիությանը միանալու մասին պայմանագիր:
«Լատվիան պատրաստակամ է վարել պատասխանատու ֆիսկալ քաղաքականություն և կատարել Մաաստրիխյան չափանիշները, որպեսզի 2014 թ. հունվարի 1-ից երկիրը կարողանա միանալ եվրոպական միասնական արժույթին: Եվրոն գլոբալ արժութային շուկայի առաջատարներից մեկն է, և ունի կայուն դիրքեր: Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք Հունաստանում և առանձին երկրներում, դա կոնկրետ երկրների ճգնաժամ է, այլ ոչ թե եվրոյի՝ որպես արժույթի»,- մեջբերում է BBC-ն Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի խոսքերը:
Ընդդիմադիր քաղաքական գործիչները չեն վիճում, որ Լատվիան պարտավորվել է մտնել եվրոգոտի, սակայն նրանց կարծիքով՝ եվրոգոտուն միանալու մասին փաստաթղթերում այդ իրադարձության ժամկետն ամրագրված չէ, ինչը նշանակում է, որ կարելի է համազգային քվեարկություն անցկացնել հստակ ժամկետով, այլ ոչ թե ըստ էության:











































