Նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին «փողերի լվացման» մեջ մեղադրելու վերաբերյալ քրեական գործով կատարվում է ակտիվ նախաքննություն: «Ակտիվացումը տեղի ունեցավ հատկապես երբ մեզ հաջողվեց ստանալ Վարդան Օսկանյանի բանկային շարժի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ: Այս պահին իրականացվում են ուսումնասիրություններ, կատարվում հարցաքննություններ»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանը:
Ինչպես հայտնի է, Վարդան Օսկանյանը մեղադրվում է բարեգործական միջոցներով ներդրված խոշոր գումարի մի մասով՝ 227 հազար դոլարով, անձնական կարիքները հոգալու մեջ: Մասնավորապես, ըստ Միքայել Համբարձումյանի, 2011 թ. հունվար-ապրիլ ամիսներին 40 հազար դոլար անձնական հաշվից փոխանցել է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանին, ինչն էլ հետ է վերադարձվել, երբ արդեն գործը հարուցված էր:
Մնացած 180 հազարից 25 հազարը փոխանցվել է Օսկանյանի մեկ այլ քարտային հաշվի, որը բացված է եղել վարկային գծի մարման նպատակով: Հաջորդ փոխանցումը ՝15 հազար դոլար, արվել է դարձյալ նույն ճանապարհով և ստացվել Վարդան Օսկանյանի որդու՝ Արա Օսկանյանի կողմից: 25 հազար դոլար կանխիկ ելք է կատարվել, 121 հազար դոլար փոխանցվել է Օսկանյանի մեկ այլ քարտի վրա, որից 52 հազար դոլար կանխիկ ելք է կատարվել: Գումարները կանխիկացվել են Վարդան և Արա Օսկանյանների կողմից:
«Վերը նշված բանկային շարժի ուսումնասիրությունը թույլ է տալիս մեզ ասելու, որ Օսկանյանի կողմից նշված գումարները յուրացվել են, իսկ իրացված գումարները օրինականացվել են: Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ Օսկանյանը յուրացրել է սեփականատիրոջ կողմից իրեն տրված գումարը, որը տրվել է կոնկրետ լիազորությունների շրջանակներում: Իսկ լիազորությունները եղել են գույքը պահպանելը կամ առաքելը «Սիվիլիթաս» հիմնադրամին: Օսկանյանը գումարները հիմնադրամի հաշվեկշիռ չի մուտքագրել և յուրացրել է: Ուղղակիորեն չի կանխիկացրել, այլ ուղղել է վարկային գծերի մարմանը, այլ քարտային հաշիվների փախանցել, որից հետո նոր կանխիկացրել»,- ասել է ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալը:
Նա նշել է, որ թեև Վարդան Օսկանյանը հրաժարվում է ցուցմունքներ տալուց, ինչը իր անառարկելի իրավունքն է, սակայն առաջին անգամ հրավիրվելով ԱԱԾ, մանրամասն ցուցմունք է տվել, դրանով ընդունել, որ Հանթսմանների կողմից նվիրաբերված գումարների մի մասը ծախսվել են իր կողմից, սակայն նշել է, որ ուղղվել են «Սիվիլիթաս» հիմնադրամին: «Նա պատրաստակամություն հայտնեց իր բանկային շարժը ներկայացնել և հիմնավորել: Սակայն շարժը չներկայացրեց, այլ սկսեց քաղաքականացնել գործի ընթացքը և դա համարեց քաղաքական հետապնդում»,- ասել է Միքայել Համբարձումյանը: Վերջինս կարծիք է հայտնել, որ Օսկանյանը պարզապես համոզվել է, որ չի կարող 220 հազար դոլարի շարժը ներկայացնել այնպես, որ խնդիրներ չծագեն: Փոխարենը ոչ միայն հրաժարվում է ցուցմնունքներ տալուց, այլև ամեն ինչ արվում է, որ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը խեղաթյուրվեն:
Միքայել Համբարձումյանը նշել է, որ հարցաքննվել են «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Խաչատրյանը, խորհրդի անդամներ Կարինե Հարությունյանը և Վահե Աղաբեկյանցը, ովքեր նախաքննության սկզբնական փուլում, չկարևորելով իրավիճակը կամ հանգամանքները չընկալելով, լիարժեք ցուցմունք են տվել՝ նշելով, որ տեղյակ են ողջ գործընթացից, սակայն տեղյակ չեն, որ այդ չափով գումար է նվիրաբերված հիմնադրամին և պահվում է Օսկանյանի մոտ: Հետո, արդեն, երբ դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, նույն անձինք հայտարարել են, թե տեղյակ են եղել գումարներից, պարզապես իրենք քննիչի հարցը չեն հասկացել: Մ. Համբարձումյանը կասկած է հայտնել այս առիթով՝ ասելով, որ իրենք բավական խելացի մարդիկ են և ամեն ինչ ճշգրիտ հասկացել են. «Սա նպատակ է հետապնդում, որ քրեական գործն իր տրամաբանական ավարտը չունենա, չկարողանանք ճիշտն ու սխալը զատել»:
Բանախոսը նշել է. որ «Սիվիլիթաս» հիմնադրամին գոյության 4 տարում փոխանցված ամենամեծ գումարը եղել է Հանթսմանների փոխանցած 2 միլիոն 100 հազար դրամը, թեև այլ աղբյուներից ևս հիմնադրամը կայուն մուտքեր է ստացել, օրինակ՝ Նորվեգիայի, Նիդեռլանդների կառավարություններից, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Լեհաստանի դեսպանատներից և այլ կառույցներից:
Միքայել Համբարձումյանն ասել է, որ Հանթսմանների լիազոր ներկայացուցչի երկու նամակներից պարզ է դառնում, որ նրանք որևէ կերպ չեն լիազորել գումարները ծախսել անձնական կարիքների համար: «Եթե գումարը ուղղված է բարեգործական նպատակների, չէր կարող քաղաքացուն անձնական նպատակների վրա ծախսելու հիմք լիներ»,- ասել է Վարդան Օսկանյանի գործով քննչական խմբի ղեկավարը՝ հավելելով, որ «Սիվիլիթաս» հիմնադրամին հատկացված գումարների նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ օրենսդրության պահանջները, մուտքագրվեին հիմնադրամի բյուջե և տնօրինվեին սահմանված կարգով:
«Իսկ ի՞նչ է լինելու Օսկանյանի հետ» հարցին Միքայել Համբարձումյանը պատասխանել է. «Վարդան Օսկանյանը քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ, մենք շարունակելու ենք մեր հարցաքննությունները, ստանալու ենք բանկային շարժի ամբողջ պատկերը, կատարելու ենք դրանից բխող այլ քննչական գործողություններ: Այնուհետև ի մի կբերենք մեր ունեցածը, կգնահատենք մեր ապացույցները և կորոշենք մեր քրեական գործի վերջնական ընթացքը: Սա կլինի նախաքննության վերջնական փուլում, երբ բավարար կլինեն ապացույցները»:









































